Հայկական ԱԷԿ-ի մասով թյուրքական կողմը կրկին ակտիվացել է

Թուրքիան և Ադրբեջանը վերջին 3 տասնամյակում, ոչ մի առիթ բաց չթողնելով, միջազգային հարթակներից ու հանդիպումներում պարբերաբար հնչեցրել են, թե իբր Հայկական ատոմակայանը վտանգավոր է, և անհրաժեշտ է այն փակել։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։

Թյուրքական այդ երկու պետությունները հաջողության չեն հասել, քանզի ատոմային էներգետիկան այն ոլորտն է, որտեղ տեղ ունեն նախ տեխնիկական գնահատականները։

Իհարկե, սա չի նշանակում, թե արժեզրկվում են քաղաքական գնահատականները, բայց այդ տարիներին Հայաստանն այլ կարգավիճակում է եղել, այլ «ձայնով» և կարողացել է չեզոքացնել թյուրքական ձայնը՝ ՀԱԷԿ-ի մասով միջազգային մասնագիտական-տեխնիկական գնահատականների հետ միասին։

Թուրքիան ու Ադրբեջանը այսօր էլ չեն դադարեցնում իրենց քաղաքական հայտարարությունները, ինչը հիմա ունի նաև տնտեսաքաղաքական հիմք. այլ կերպ՝ Թուրքիայում հիմա ատոմակայան է կառուցվում, էլէներգիայի արտահանման լուրջ ռազմավարություն ունի և, բնականաբար, այդ պետությանը ձեռնտու է ՀՀ-ի՝ ատոմակայան չունենալը, և հետագայում Թուրքիայից այս մասով կախման մեջ ընկնելը։

2000-ականներին ԵՄ-ն մեզ խորհուրդ էր տալիս փակել ատոմակայանը, փորձը ցույց տվեց, որ երբ հաստատակամ մնացինք չփակելու որոշման մեջ (տեխնիկատնտեսական բոլոր պարամետրերով ապացուցված), շահողը մենք դուրս եկանք։

Մանավանդ որ մասնագետները միշտ են ասել, թե ատոմակայաններն ավելի մաքուր են աշխատում, քան, ասենք, ջերմային կայանները։

Հիմա Եվրահանձնաժողովն էլ միջուկային էներգետիկան «կանաչ» է հայտարարել (քաղաքական հնարավոր կրկնվելիք արգելքը դուրս եկավ)։ Մեզ մնում է հաստատակամ լինել և շարունակել զարգացնել միջուկային էներգետիկան՝ այն դիտարկելով մեր երկրի էներգետիկական անկախության և անվտանգության համապատկերում: