Այվազովսկին հայ է. «Մետրոպոլիտենը» փոխել է ծովանկարչի կտավին կից արված գրությունը

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ փոխել է նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նավը լուսնի լույսի տակ» կտավին կից արված գրությունը։ Այս տեղեկությունը հայտնվել է պատկերասրահի պաշտոնական կայքում։

Նկարին կից գրված է. «Հայ, ծնվել է Ռուսական կայսրությունում (այժմ՝ Ուկրաինա)»։

Այսպիսով, թանգարանը մատնանշել է ծովանկարչի հայկական ծագումը։ «Օվկիանոսի հանդեպ արվեստագետի մտերմությունը սկսվել է իր հայրենիքից՝ Ղրիմի Սևծովյան Ֆեոդոսիա նավահանգստից, այն ժամանակ՝ Ռուսական կայսրության կազմում, իսկ այժմ՝ Ուկրաինայում»,- ասվում է կտավի նկարագրության մեջ։

2021 թվականի դեկտեմբերին պատկերասրահի ինտերնետային էջում նրա հավաքածուում ցուցադրված նկարի վերաբերյալ ոչ մի ծանոթագրություն չի եղել, իսկ Այվազովսկին ներկայացված էր որպես ռուս նկարիչ։ Իսկ 2023-ի փետրվարին «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանը գրություն էր ավելացրել՝ Այվազովսկուն ներկայացնելով որպես ուկրաինացի նկարիչ։