Արցախում ընդդիմությունն անցել է լուրջ քայլերի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն է։

Երեկ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ կայացավ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումը, որը ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ներկայացվեց որպես Արցախի հայության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելուն ուղղված հանդիպում՝ Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների համաձայն։ Արցախի ԱԳՆ-ը հերքեց այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության համատեքստում։  Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տարբեր մակարդակներով նման հանդիպումներ անցկացվել են բազմիցս՝ տեխնիկական, հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի քննարկման նպատակով։ Նշվում է նաև, որ Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր հանդիպման մասնակիցները չեն քննարկել։ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Արցախի ընդդիմադիր պատգամավորներն այդ հանդիպման մասին նույնպես մամուլից են տեղեկացել, քանի որ հանդիպման մասին իրենց նախապես և հետո էլ ոչինչ չի ասվել։ Քանի դեռ ստեղծված չեն այն հնարավորությունները, օրինական պայմանները, որպեսզի Արցախը բանակցային գործընթացի մասնակից դառնա և հավասարը հավասարի իրավունքով կարողանա նստել Ադրբեջանի հետ բանակցային սեղանի շուրջ միջազգային հարթակներում, նման հանդիպումների մասին խոսել անիմաստ է։ Այս առումով կարելի է հստակ ասել, որ երեկվա հանդիպաման ժամանակ իսկապես քաղաքական հարցեր չեն շոշափվել։ Բայց քանի որ Արցախի իշխանությունների հանդեպ չկա վստահություն, հանդիպումը և այդ մասին տեղեկությունը ավելի խորացրեցին այդ անվստահությունը։ Իհարկե, մենք հակված չենք ընդունելու ադրբեջանական կողմի հայտարարութունները որպես ճշմարտություն, քանի որ դրանք ծուղակ են։ Ադրբեջանը դրանով նպատակ ունի հանրության շրջանում խուճապ առաջացնել, իսկ Արցախի իշխանություններն էլ իրենց գործելաոճով անտեսում են արցախցիներին և նպաստում այդ խուճապին։

Մետաքսե Հակոբյանը ներկայացրեց Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու պատճառները։ Անդարադառնալով նրա խաղաղարար կեցվածքին ու Արցախի իշխանությունների շուրջ համախմբվելու կոչին՝ ուղղված արցախահայությանը՝ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ դա վերաբերմունք էր ոչ թե Արայիկ Հարությունյան մարդու, այլ Արցախի նախագահ պաշտոնյայի նկատմամբ։ Ըստ նրա՝ այդկերպ Ռուբեն Վարդանյանը կոչ արեց, որ Արցախի ժողովուրդը համախմբվի Արցախի ինքնիշխանության գաղափարի շուրջ։

Հարղորդման հյուրը ներկայացրեց նաև Արցախի Հանրապետության ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ծրագրերը՝ ընդդիմանալու Արցախի ադրբեջանականացման ծրագրին։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում