Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ի պատասխան «Լուրերի» հարցմանը՝ ներկայացրել է իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ:

«Արդարադատության միջազգային դատարանի որոշումը վերահաստատեց միջազգային հանրության ընդհանուր դիրքորոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար։ Պետքարտուղար Բլինքենն այս մասին ուղղակիորեն փաստել էր  նախագահ Ալիևի հետ  փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ»,- դեսպանատունը պատասխանել է հարցմանը։

Հիշեցնենք, որ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, անջատել գազամատակարարումը և հոսանքը։