Ներքին Խնձորեսկում անհաղթահարելի իրավիճակ է․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկվել է․ համայնքապետարանը հայտարարություն է տարածել

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում եղանակային խիստ անբարենպաստ պայմանները Ներքին Խնձորեսկ բնակավայրում ստեղծել են դժվար և անհաղթահարելի իրավիճակ. գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված է:  Այս մասին տեղեկացրել է Ներքին Խնձորեսկի համայնքապետարանը։ «Ստեղծված իրավիճակի մասին տեղյակ են բոլորը. ՀԷՑ-ի տնօրենը և Երվանդ Մալունցը քանի օր է՝ վթարի տարածքում են, իսկ էլեկտրացանցի աշխատողները, ովքեր աշխատանքներ են տարել եղանակային ամենավատ և անհավանական պայմաններում, պարզել են խնդիրը, որը պահանջում է արմատական լուծում. հասցված վնասն այնքան մեծ և լուրջ է, որ հնարավոր չէ վերանորոգել, պետք է հիմնովին փոխել գյուղ մատակարարող հոսանքի լարերը, տեղադրել նոր էլեկտրասյուներ: Հասկանում և գիտակցում ենք, որ ապրելու համար անհնարին պայմաններ են, սակայն, բնական աղետի պատճառով առաջացած վնասը հիմնովին ոչնչացրել է ամեն ինչ. Հնարավոր ամեն բան արվում է, որպեսզի հոսանքի մատակարարումը վերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն, կոնկրետ ժամանակ նշել չի կարող ոչ ոք. աշխատանքները սկսված են դեռևս հոսանքազրկման օրվանից, և, միայն այն փաստը, որ գյուղում դեռևս լույս չկա, չի նշանակում, որ աշխատանքներ չեն տարվում:

Շնորհակալություն փոխըմբռնման համար»,- նշված է հայտարարության մեջ։: