Այսօր Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։

Այսօր հայ մեծ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ, հայ ազատագրական պայքարի խորհրդանիշ Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է։

Անդրանիկ Օզանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում՝ 1865 թվականի փետրվարի 25-ին: Անդրանիկը հաճախել է տեղի Մուշեղյան դպրոց 1875 -1882 թթ., ապա աշխատել է հոր ատաղձագործական խանութում։ 1892 թվականին միացել է նորաստեղծ Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Համիդյան ջարդերի ընթացքում, Անդրանիկն այլ ֆիդայիների հետ պաշտպանել է Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից։  1897 թ. Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականը։

Գլխավորել է Աղբյուր Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թվականի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ․ Անդրանիկի ջոկատները թուրքերի և քրդերի դեմ մարտեր են մղել Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին Անդրանիկն անցել է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկել է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնել է երկարատև ճամփորդության, որի ընթացքում այցելել է Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկը գրել է իր «Մարտական հրահանգները»՝ ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։

1912 թվականին Անդրանիկը հայ կամավորներից կազմել է վաշտ, որը մտել է բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն  են ցուցաբերել Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցել է գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր է գնահատել հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։ Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապել է Կովկաս։ 1914 թվականի օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպել է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնել Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվել է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդի գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղել թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճել ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։

1915-1916 թվականներին Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Անդրանիկը պարգևատրվել է Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։

1918 թվականի հունվարի 30-ին թուրքական զորքերը, Մեհմեդ Վեհիբ փաշայի հրամանատարությամբ, Էրզրումի, Վանի և Մերձծովյան ուղղություններով անցել են մեծամասշտաբ գործողությունների: Անդրանիկը վիթխարի դեր է խաղել Զանգեզուրի պաշտպանությունում։

Բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի Հանրապետության որոշ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը, զորավարը ստիպված է եղել հեռանալ արտասահման։

«Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ»:

Անդրանիկը կյանքից հեռացել է 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թվականի հունվարին նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում։ Տարիներ անց (2000 թ․) մեծ Զորավարի մասունքը տեղափոխվել է հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ Նրա գերեզմանի հուշարձանին գրված է՝ «Զորավար Հայոց»։