Արցախի ներքաղաքական ճգնաժամի միակ պատասխանատուն Ա. Հարությունյանն է

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արդեն հայտնի է, որ Արցախում նոր պետնախարարի պաշտոնում մտադիր են նշանակել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին:

Թե ինչ սկզբունքներով և մոտեցումներով կշարժվի նոր պետնախարար և ինչպես կստացվի նրա համատեղ աշխատանքը նախագահի հետ, շատ դժվար է ասել:

Նույն Ռուբեն Վարդանյանի դեպքում Արայիկ Հարությունյանը մինչ նրա նշանակումը ամիսներ շարունակ Վարդանյանին տարբեր մարդկանց շրջանում ներկայացնում էր որպես Արցախի ապագա, մարդ, ով ունակ է իրավիճակ փոխելու և իր ահռելի հնարավորությունները ի շահ Արցախի ներդնելու:

Թե ինչ եղավ այդ խոսքերից 2 ամիս անց` բոլորը գիտեն: Հարությունյանի կողմնակիցների մի մասը սկսեցին խոսել այն մասին, որ Վարդանյանը խնդիր է պետական համակարգի համար, մյուսները «պարզեցին», որ Վարդանյանը ռուսների մարդը չէ, մի խումբ այնքան առաջ գնաց ստեղծագործական մոտեցումներում, որ Վարդանյանի նշանակումը կապեցին ՀՀ ընդդիմության ջանքերի հետ:

Ի դեպ, Արցախի ներքաղաքական ճգնաժամի միակ պատասխանատուն Ա. Հարությունյանն է, ով նշանակել ու կարճ ժամանակ անց հեռացրել է իր նշանակածին` անկախ պատճառներից ու ներսում խորը ճգնաժամ ստեղծել, իսկ հիմա «հերոսաբար» պայքարում է իր իսկ ստեղծած «կաշայի» դեմ:

Այս և նախորդ ժամանակահատվածում Հարությունյանի անկանոն ու անկանխատեսելի քաղաքական վարքագիծը հաշվի առնելով, դժվար է ասել, թե ինչ կունենանք նոր պետնախարարի նշանակումից հետո:

Ներսիսյանի մասին վերջին շրջանում տարբեր բնույթի տեղեկություններ շրջանառվեցին` ՀՀ իշխանությունների, սոռոսականների ներկայացուցիչը լինելուց մինչև պաշտոնակռվի մասնակցի:

Ես ինքս` ի պաշտոնե, իմ ծառայության տարիներին, իր հետ առնչվել եմ Արցախում, լավ տպավորություն եմ ունեցել, որովհետև իր գործում եղել է հստակ ու սկզբունքային, իսկ իր մասին տարածվող լուրերը հաստատող որևէ փաստի չեմ հանդիպել:

Չնայած ծանր ներքաղաքական, արտաքին քաղաքական, անվտանգային վիճակի մեծ պատասխանատվություն է ստանձնել և իմ ցանկությունն է, որպեսզի նա ու մյուս պաշտոնյաները հաջողեն, որովհետև դա բխում է Արցախի շահերից:

Կարևորը աշխատանքի հիմքում դրվող հստակ դիրքորոշումներն ու սկզբունքներն են, որոնք պետք է բխեն արցախցիների` 3 տասնամյակ առաջ հռչակած մոտեցումներից»։