Եթե պայմանագիրը ստորագրվի այս բովանդակությամբ, Արցախը կվերածվի Ջավախքի, ապա՝ Նախիջևանի․ Օսկանյան (տեսանյութ)

Հիմնավոր փաստ կա, որը արտահայտվում է և մեր իշխանությունների հայտարարություններով, և մեր հակառակորդների հայտարարություններով, նույնիսկ միջնորդների որոշ ասածներով, շրջանառվող փաստաթղթերով, որ Հայաստանի իշխանությունները արդեն բանավոր այս պահին համաձայնություն են տվել, որ Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, լինի Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում անցկացվող «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին հայտարարեց ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

«Իսկ այս հանգամանքն իր ամրագրումը՝ միջազգային ճանաչումն է ստանալու, երբ ստորագրվի այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը: Այսօր դիվանագիտական հարթությունում ՀՀ-ը համագործակցելով Ադրբեջանի և միջնորդների հետ, փորձում է այս հանգամանքի, կոնկրետ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և նաև Արցախը նրա կազմում ընդունելու փաստին տալ մի այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի հենց այս խնդիրը: Այսօր այդ դիվանագիտական աշխատանքն է գնում, և ինչու ոչ, եթե դա իրենց մոտ ստացվի, կներկայացնեն նաև որպես ձեռքբերում:

Իհարկե ՀՀ իշխանություններին շատ ավելի դժվար կլինի լղոզել, փաթեթավորել կամ քողարկել հենց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հանգամանքը: Պարզ է, որ խաղաղության պայմանագրում Ադրբեջանը կպարտադրի, որ սևը սպիտակի վրա շատ հստակ սա ձևակերպվի: Քողարկումը հիմնականում վերաբերելու է նրան, որ այնտեղ դրույթ է լինելու, որ իբր հակառակ այն փաստին, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ընդունում է, որ Արցախը պետք է այնտեղ լինի, բայց վերջիվերջո երկխոսություն է լինելու Արցախի հայության ներկայացուցիչների և Բաքվի միջև, որը և տպավորություն է ստեղծելու, թե հակառակ այդ բոլորին, դեռևս Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի ինքնորոշվելու»,- նշել է Վարդան Օսկանյանը:

«Եթե այդ պայմանագիրը ստորագրվի այն բովանդակությամբ, որ նկարագրվեց, Արցախը կվերածվի Ջավախքի: Բայց Արցախի և Ջավախքի տարբերությունը կայանալու է նրանում, որ մի քանի տարի հետո Արցախը արդեն վերածվելու է Ջավախքից Նախիջևանի», – հավելեց Օսկանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում