Կառավարությունը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ԿԳՄՍ նախարարությունը՝ Երևան քաղաքի Ա.Վեռնոյի փողոց թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքը սահմանված կարգով «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ին ամրացնելու խնդրանքով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշման համաձայն «Ջի Էմ Դևելոփեր» ՍՊ ընկերության և Պետական գույքի կառավարման կոմիտեի միջև կնքված անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման պայմանագիրը:

Այս նախագծով առաջարկվում է Ա. Վեռնոյի փողոց 3 հասցեում գտնվող 1971.5 քառ. մետր մակերեսով թատրոնի շենքը, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող («Ջի Էմ Դևելոփեր» ՍՊ ընկերության հետ համատեղ) 21 քառ. մետր մակերեսով տարածքը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող («Ջի Էմ Դևելոփեր» ՍՊ ընկերության հետ համատեղ) 0.095569 հա հողամասը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: