Մեծ Բրիտանիայի գործերի հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի գործերի հավատարմատարը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ ի նշան բողոքի երկրի հասցեին Բրիտանիայի իշխանությունների անհիմն մեղադրանքների շարունակման դեմ, տեղեկացրել է Mehr-ը։

«Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի երրորդ վարչության ղեկավարն ասել է, որ անհիմն մեղադրանքները իրանատյացության քաղաքականության շարունակությունն են, և կոչ է արել դադարեցնել բրիտանական կառավարության այդ ոչ բարեկամական մոտեցումը»,- նշել է իրանական լրատվամիջոցը։

Մեկնաբանելով ԻԻՀ-ի դեմ Մեծ Բրիտանիայի մտցրած նոր սահմանափակումները՝ իրանցի դիվանագետը քննադատել է Բրիտանիայի կառավարությանը դաժան խտրականության և ներգաղթյալների ու մուսուլմանների հանդեպ վայրագության, ինչպես նաև փախստականներին Ռուանդա հանձնելու համար, նշել է Mehr-ը։

«Վերջին չորս տասնամյակում Իրանի Իսլամական Հանրապետությունը ցույց է տվել, որ չի ենթարկվում օտարերկրյա ճնշմանը և, հետևաբար, շուտով կհայտարարի բրիտանական ռեժիմի պատժամիջոցների պատասխան միջոցների մասին»,- գործակալությունը մեջբերել է ԻԻՀ ԱԳՆ-ի վարչության ղեկավարի խոսքերը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին կանչել էր Բրիտանիայում Իրանի ավագ դիվանագետին Լոնդոնում տեղակայված հակաիրանական ԶԼՄ-ների հասցեին ենթադրվող սպառնալիքների հետ կապված։

Բրիտանիայի կառավարությունը նաև հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ ուղղված իրանցի երեք դատավորների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երեք անդամների և երկու նահանգապետերի դեմ։

ԵՄ-ն իր հերթին երկուշաբթի պատժամիջոցներ է մտցրել Իրանի երկու կազմակերպությունների և 32 քաղաքացիների դեմ։

Իրանի Իսլամական Հանրապետությունը արևմտյան երկրների մեղադրանքները դիտարկում է որպես ուժեղացված ճնշման մաս, որպեսզի ստիպեն նրան զիջել Արևմուտքի չափից մեծ պահանջներին միջուկային բանակցություններում, նշել է լրատվամիջոցը։