«Լիդիան Արմենիա»-ի հետ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր

ՀՀ Կառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև քիչ առաջ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ Կառավարության կողմից փաստաթուղթը ստորագրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։

«Հենց այսօր մենք կստորագրենք մյուս խոշոր հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի վերսկսելը: Խոսքն Ամուլսարի մասին է: Մենք այսօր ժամը 5-ին 250 մլն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ կտա վերսկսել ևս մեկ հանք, որի վերաբերյալ պարտավորությունները վաղուց կան»,-ասել էր նախարարը։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։