Երեկ մահացած զինծառայողը մեկ տարի առաջ էր մեկնել ծառայության, ունի փոքր եղբայր․ Փաստինֆո

Երեկ մահացած ժամկետային զինծառայող Դավիթ Ներսիսյանը Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքից էր՝ մեկ տարվա զինծառայող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը։

«Հայրը արտագնա աշխատանքների էր գնում, ունի փոքր եղբայր։ Դավիթը շատ հարգված, խելոք երեխա էր։ Դպրոցն ավարտեց և գնաց բանակ»,- ասաց Հոդաբաշյանը՝ նշելով, որ հստակ չի կարող ասել, թե ինչ հիվանդության հետևանքով է մահացել զինծառայողը, սակայն տեղյակ է, որ կտրուկ վատացել էր ինքնազգացողությունը, չեն հասցրել հիվանդանոց հասցնել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Քննչական կոմիտեն՝ 2024թ. հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել՝ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին: Ըստ հաղորդման՝ զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Դ.Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ, որի կապակցությամբ շտապ կարգով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ, ժամը 10:00-ի սահմաններում, արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նախաքննության շրջանակներում կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարցաքննվել են մի շարք անձինք, բուժհաստատությունից առգրավվել են մահացած զինծառայողին վերաբերող բժշկական փաստաթղթերը։ Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։