Ուրուգվայում բացված լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների լուսանկարներ
Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Մոնտեվիդեոյի Կառասկո միջազգային օդանավակայանում բացվել է «Հույս՝ օջախից հեռու» լուսանկարչական ցուցահանդեսը, որի շրջանակներում ցուցադրված են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների լուսանկարներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանությունը հաղորդում է, որ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հարավամերիկյան գրասենյակի և Aeropuertos Uruguay-ի համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառմանը մասնակցել են Ուրուգվայի ներքին գործերի նախարար Նիկոլաս Մարտինելլին, արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Նիկոլաս Ալբերտոնին, Corporación América Airports ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էուռնեկյանը, Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը, մի շարք այլ օտարերկրյա դեսպաններ և պաշտոնատար անձինք:
Ընդգծելով, որ աշխարհը դժվարին ժամանակներ է ապրում, իսկ ապաստան տրամադրելու համակարգը վտանգված է՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հարավամերիկյան գրասենյակի ղեկավար Կարմեն Սախրը նշել է, որ աշխարհում կան 120 մլն. տեղահանվածներ և յուրաքանչյուր րոպե նրանց թիվն ավելանում է:
Բացման ելույթներից հետո միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել և դիտել ցուցադրված լուսանկարները: