Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում նշվել է նահատակ գրողի ծննդյան տարեդարձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Սրբազնագույն Կաթողիկոսի օրհնությամբ և մասնավոր հոգածությամբ, փետրվարի 15-ին, Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում նշվել է նահատակ գրող Ռուբեն Սևակի ծննդյան տարեդարձը:

Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը հրավիրյալներին ներկայացրել է նկարիչ Սարգիս Մուրադյանի վրձնած՝ «Գողգոթա հայ մտավորականների» կտավը (1975-1988 թթ.), որը նկարչի ընտանիքի կողմից, ընդառաջ Մայր Աթոռի Թանգարանների տնօրենության, ժամանակավոր ցուցադրության է տրամադրվել Սուրբ Էջմիածնին: Այս մասին հայտնում են Սուրբ Էջմիածնի Թանգարանների տնօրինությունից։

Ռուբեն Սևակը (Ռուբեն Չիլինկիրյան) ծնվել է 1885թ. փետրվարի 15-ին Մարմարայի եվրոպական եզերքի Սիլիվրի գյուղաքաղաքում: Ավարտել է ծննդավայրի Ասքանազյան տարրական նախակրթարանը, ապա երկու տարի սովորել Պարտիզակի գիշերօթիկ ամերիկյան վարժարանում, իսկ 1901-ին ընդունվել Կ. Պոլսի նշանավոր Պերպերյան վարժարան: Առաջին տպագիր գործը 1905-ին «Բաժանման խոսքեր» բանաստեղծությունն է եղել: 1905թ Սևակը մեկնում է Շվեյցարիա` ուսանելով Լոզանի բժշկական համալսարանում:
1915-ին վերադարձել է Կ.Պոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին նահատակվել այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ։

«Ես իրապաշտ եմ, ամեն իրականութենե վեր մեկ իրականություն մը կճանչնամ՝ ապրված, զգացված կյանքը և ոչ թե երևակայված կյանքը»: