Բաքուն ՀՀ ԱԽՔ-ի հայտարարությունը «մանիպուլյացիա» է անվանել

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է փետրվարի 14-ին «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե «Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը ներառում է Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմի ստեղծման մասին դրույթ»։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝  Հաջիզադեն նշել է, թե հայկական կողմը դիմել է «մանիպուլյացիաների»․

«Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում Հայաստանի նախաձեռնությունը՝ «ստեղծել միջազգային մեխանիզմ՝ Ղարաբաղի տարածքում բնակվող հայ բնակիչների իրավունքների և անվտանգության պաշտպանության համար», խոչընդոտներ էն ստեղծում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համար և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ:

Այս ջանքերը ցույց են տալիս, որ Հայաստանը դեռևս չի հրաժարվել Ադրբեջանի դեմ իր տարածքային պահանջներից՝ հակասելով միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև Պրահայի և Սոչիի պայմանագրերին, որոնց համաձայն՝ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է Բաքվի պաշտոնյան, նշելով, թե ցանկանում է «հիշեցնել», որ  «Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը, և այս տարածաշրջանում ապրող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովվելու են ԱՀ Սահմանադրության համաձայն։

Հայաստանի միջամտությունը հայազգի բնակիչների վերաինտեգրման գործընթացին, որն Ադրբեջանի ներքին խնդիրն է, անընդունելի է»,- եզրափակել է նա: