Գործադրվել է թույլատրվող ֆիզիկական ուժ. ոստիկանությունը պարզաբանել է ՊՆ նախկին շենքում ապրող մոտ երկու տասնյակ անձանց ձերբակալությունը

Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում իրականացրել է գործողություն, որը հիմնված է եղել Կառավարության 797 որոշման համաձայն և ՊԵԿ-ի կողմից տրամադրված գրության հիման վրա: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը։

Նա նշեց, որ գրությունը մի խումբ անձանց ապօրինի ներխուժումը վերացնելու մասին է:

Ազիզյանը հայտնեց, որ միջոցառմանը ներգրավվել են նաև փրկարար ծառայության, բուժծառայության համապատասխան աշխատակիցներ, մարտական հաշվարկներ, որպեսզի որևէ միջադեպ չգրանցվի:

«Մենք ներխուժումն ենք վերացրել, բնակիչները զգուշացված են եղել, ողջամիտ ժամկետներ տրված է եղել դեռևս օգոստոսին, այնուհետև հունվարին»,- ասաց նա:

Ազիզյանն ասաց, որ մոտ 2 տասնյակ ձերբակալվածներ կան՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հոդվածով:

«Թույլատրվող ֆիզիկական ուժ է գործադրվել: Մենք գործողությունից առաջ իրազեկել են Սոցիալական ծառայությանը, աշխատակիցները հիմա իրենց գործողություններն իրականացնում են»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր՝ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել ՊՆ նախկին շենք, տղամարդկանց քաշքշելով բերման են ենթարկել:

Դեռևս այս տարվա ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։