«Արցախէներգոն» զգուշացնում է․ բնակարանը տաքացնելուն զուգահեռ խոշոր այլ սարքեր չմիացնել, ցանցը չի դիմանում

Արցախում էներգետիկ համակարգի ծանրաբեռնվածությունը վերջին օրերին կտրուկ ավելացել է. Ստեփանակերտի տարբեր հատվածներում շղթայական վթարներ են տեղի ունենում: Նման արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնար է դարձնում հովհարային անջատումների ժամանակացույցը պահպանելը:

«Ցանցի վիճակը բավականին ծանր է, ավելի ծանր, քան նախորդ ժամանակահատվածի հետ համեմատ: Վթարների քանակը բավականին մեծացել է: Այն հիմնականում կախված է գազամատակարարման բացակայության հետ և կտրուկ աճ է արձանագրվել: Հիմնականում խոսքը գնում է Ստեփանակերտ քաղաքի մասին, շրջաններում լուրջ խնդիրներ, համենայնդեպս, չենք արձանագրել: Միայն Մարտունի քաղաքում այս պահին ունենք խոշոր վթար, վերացման ընթացքում է: Հուսով ենք կարճ ժամանակում կկարգավորվի»,-Արցախի հանրային հեռուստաընկերությանն ասել է «Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Վթարների հիմնական պատճառը մալուխային տնտեսության վիճակն է: Համակարգը ի սկզբանե վատ վիճակում չէր:  Սակայն, ըստ Գաբրիելյանի, այսօրվա պես ծանրաբեռնվածություն Ստեփանակերտ քաղաքում երբեւէ չի եղել: Օրական 60-70 միայն անհատական  կանչ է գրանցվում, ավելի խոշոր վթարներ ևս տեղի են ունենում:

«Ստեփանակերտ քաղաքը բավականին ծանրաբեռնված է արդեն երրորդ օրը: Հատկապես ծանր էր կիրակի օրը, վթարների քանակը ահավորը շատացել էր, և հատվածներ ունեինք, որ շատ երկարատև հոսանքազրկված էր խոշոր վթարի պատճառով: Նորից պիտի կոչ անեմ բաժանորդներին, տաքացնելու հետ զուգահեռ խոշոր այլ սարքեր չմիացնել, որովհետև ուղղակի չի դիմանում ցանցը»,-նշել է նա։

Շրջափակման 2 ամսվա ընթացքում Ադրբեջանը 7 անգամ անջատել է Արցախի գազամատակարարումը: Փետրվարի 8-ից առ այսօր այն դեռ դադարեցված է մնում: Գազամատակարարման բացակայության պայմաններում և օդային գծերի  բեռը թեթևացնելու նպատակով՝ հովհարային անջատումների ժամանակացույցում փոփոխություններ տեղի ունեցան: Ըստ այդմ՝ անջատումները օրական 6 անգամ են` 1-ական ժամով: Այս պահին նոր փոփոխություններ դեռ նախատեսված չեն:

«Առաջին օրերը լուրջ դրական դինամիկա էր նկատվում, մասնավորապես՝ վթարների քանակը 10 անգամ նվազել էր նախորդ գրաֆիկի համեմատ, սակայն քանի որ եղանակային պայմանները կտրուկ փոփոխվել են, նաև գազամատակարարումն է դադարեցվել, ժամանակ է պետք, որպեսզի կարողանանք հասկանանք, բայց մենք համոզված ենք, որ 1-ժամյա անջատումը ավելի թեթև է լինելու՝ և՛ բաժանորդի համար, և՛ ցանցի համար»,-ասել է «Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալը։

Հայաստանից Արցախ եկող բարձրավոլտ էլեկտրագիծը վթարված է հունվարի 9-ից, և Արցախը շարունակում է օգտագործել միայն ներքին ռեսուրսները:

«Ամեն օր մենք սպառում ենք մեր պաշարները, ինչքան բեռը բարձրանում է, այնքան քիչ է մնում մեր պաշարները հետագայի համար: Հնարավորինս տնտեսելով և հովհարային անջատումներով պիտի փորձենք ինչքան հնարավոր է երկարատև պիտի կարողանանք մնալ գոնե այս ժամանակացույցում»,-ասում է Տիգրան Գաբրիելյանը։

Գազամատակարարման ու էներգամատակարարման համակարգում առաջացած խափանումների պատճառով՝ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, շարունակում են ջեռուցման հետ կապված խնդիրներ ունենալ: Գազով ջեռուցվող դպրոցներում 1-8-րդ դասարանների հարկադիր արձակուրդն էլ շարունակվում է: