Արցախի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ

Նախագահ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին հեռախոսազրույց է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Գագիկ Ծառուկյանի հետ։

Քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի երկամսյա շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, տեղեկացրել իր հերթական բարեգործական ծրագրի  մասին, նախատեսված շրջափակման ժամանակ Արցախում ծնված երեխաների և նրանց ընտանիքների համար:

Բարերարի խոսքով՝  իր ընտանիքի`  Արցախի հետ կապված բարեգործական նախաձեռնություններն այդքանով չեն սահմանափակվելու:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ Արցախի ժողովրդին հերթական անգամ գործուն աջակցություն ցուցաբերելու համար։

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ նման հայրենանվեր ձեռնարկումները, հատկապես այս ծանր ու դժվարին օրերին, անսահման ուժ են հաղորդում արցախցիներին և օգնում արժանապատվորեն ու տոկունությամբ դիմակայել բոլոր մարտահրավերները:

 

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն