Իրան-Հայաստան տրանսպորտային երթուղու մյուս շահառուները ևս կարձագանքեն սպառնալիքին. դեսպան

Իրանի և Հայաստանի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային երթուղու սպառնալիքն ուղղված կլինի ոչ միայն Իրանի և Հայաստանի, այլև այդ երթուղու մյուս շահառուների դեմ, որոնք այն սպառնալիք կհամարեն իրենց համար։ Այս մասին «Հայ-իրանական հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ փետրվարի 9-ին ասել է Հայաստանում Իրանի Արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին։

Նա ընդգծել է նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրի արտոնյալ պայմանների մասին համաձայնագրի իրականացման կարևորությունը, ինչը կնպաստի առևտրային հարաբերությունների զարգացմանը։ Դեսպանը հույս է հայտնել, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև նոր համաձայնագիրն այդ հարաբերությունների ամրապնդման ճանապարհ կբացի։ «Երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարևոր հիմք է սերտ համագործակցությունը ենթակառուցվածքային հարցերում։ Հայաստանի փոխվարչապետի Իրան կատարած այցի շրջանակում ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն էներգետիկայի ոլորտում փոխանակման մասին»,- նշել է նա։

Զոհուրին ավելացրել է, որ  հանրային կարծիքը և էլիտաները պետք է աջակցություն ցուցաբերեն երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։ Դիվանագետը գոհունակությամբ նշել է, որ այս ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում։

Նա պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու մշակութային, ինչպես նաև ԶԼՄ-ների և երկու երկրների մտավորականության ներկայացուցիչների հարաբերություններում։