Նիդերլանդների ԱԳՆ-ն ուղիներ է փնտրում Լաչինի միջանցքի վերաբացման համար
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը խորհրդարանին ուղղված իր հաշվետվության մեջ արձանագրել է, որ հունվարի 23-ին կայացած ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստին Նիդերլանդները և մի շարք այլ ԵՄ երկրներ մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շուրջ՝ նշելով, որ 2022թ դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքը փակվել է ադրբեջանական ինքնահռչակ «էկոակտվիվստների» կողմից։
Ինչպես տեղեկացնում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ուղին է։
Նիդերլանդների կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել առ այն, որ ԵՄ անդամ երկրները հանդես գան Ադրբեջանին ուղղված համատեղ կոչով՝ 2020թ եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը բացելու պահանջով, ինչպես նաև ուսումնասիրում է, թե եվրոպական շրջանակներում ազդեցության ինչ այլ հնարավորություններ կան Ադրբեջանի իշխանություններին հորդորելու Լաչինի միջանցքը բացել։
Նիդերլանդները նաև իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը և ուսումնասիրում է վերջինիս իր ներդրումն ունենալու հնարավորությունները։