Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերն ապաշրջափակելուն. Միշուստինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին փետրվարի 2-ին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Մենք ավանդաբար հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, կարևորում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ապահովումը»,- ասել է Ռուսաստանի վարչապետը:

Միշուստինը նաև նշել է, որ նոր տրանսպորտային ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության համար առանցքային գործընկեր է։