Իսրայելա- իրանական պատերազմն աղետալի կլինի նաև Հայաստանի համար

Իր լկտի, սանձարձակ, խուլիգանական վարքագծով հայտնի Իսրայելը, որը տարբեր առիթներով իրեն դրսևորել է որպես ահաբեկչական պետություն, հունվարի 28-ի երեկոյան, ժամը 23:30-ի սահմաններում անօդաչու թռչող սարքերով հարձակում է կատարել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության՝ Սպահան քաղաքում գտնվող արտադրական օբյեկտներից մեկի վրա (հարվածի տեսանյութն՝ այստեղ ):

Հարձակման մասին, ըստ «РИА Новости» -ի, վերոնշյալ նախարարության հաղորդագրությանը հղում կատարելով, հայտնել է Իրանում ՌԴ դիվանագիտական ​​առաքելությունը: Նույն հաղորդագրությանը հղում կատարելով, Իրանում ՌԴ դեսպանատունը հայտնել է նաև, որ լուրջ վնասներ, ինչպես նաև մարդկային զոհեր չկան։ ՀՕՊ համակարգի գործողության արդյունքում մեկ անօդաչու թռչող սարք խոցվել է, ևս երկուսը կալանվել և ոչնչացվել են։

Բացի վերոնշյալից, ինչպես «Reuters»-ին հղում կատարելով տեղեկացրել է «Известия» -ն, Իրանում նույն օրն Ազարշահր քաղաքում (գտնվում է Թավրիզի մոտ.- Ա. Հ.) պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհ շարժիչային յուղի արտադրության արդյունաբերական ձեռնարկությունում։ Նշվում է, որ այրվել են վառելանյութով մի քանի ռեզերվուարներ (հրդեհի տեսանյութն՝ այստեղ  ):

Վերը շարադրվածին հակասող տեղեկություններ են հրապարակել իսրայելական  ԶԼՄ-ները: Ըստ նրանց հրապարակումների, արևմտյան հետախուզությունը պնդում է, որ Իրանում անօդաչու թռչող սարքի հարվածը հաջող է եղել: Մասնավորապես, «Jerusalem Post»-ի փոխանցմամբ, Սպահանի ռազմական օբյեկտներից մեկում առնվազն չորս պայթյուն է որոտացել։

ТАСС-ի հրապարակման  համաձայն, իսրայելական «Jerusalem Post« թերթի արևմտյան հետախուզության աղբյուրները պնդում են, որ Սպահանի վրա հարձակումը «հսկայական հաջողություն էր». Սպահանի օբյեկտներից մեկում, որտեղ, ըստ թերթի, «կատարվել է առաջադեմ զենքի մշակում», 4 պայթյուն է տեղի ունեցել, ինչի մասին վկայում են սոցիալական ցանցերում հրապարակված տեսագրությունները, վնասը շատ ավելին է, քան  «տանիքի փոքր վնասը«, ինչի մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Ըստ թերթի, Իրանի իշխանությունները սկզբում հերքում էին, որ իրենց ռազմական օբյեկտներին լուրջ վնաս է հասցվել։ Միայն որոշ ժամանակ անց Թեհրանը ճանաչել է վնասի չափը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արբանյակային լուսանկարները հայտնվել են հանրային տիրույթում՝ հաստատելով հարվածների արդյունավետությունը և հերքելով Իրանի իշխանությունների նախնական պաշտոնական վարկածը։

«Jerusalem Post»-ի աղբյուրների հայտնածի համաձայն, իսրայելական հատուկ ծառայությունները նախկինում «հաջող հարձակումներ են իրականացրել» Իրանի միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտների դեմ։

BFM.ru-ի տեղեկացմամբ , «The Wall Street Journal»-ը վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին, նշել է, որ հարձակումը կատարել է Իսրայելը, շաբաթ գիշեր, լույս կիրակի առնվազն 3 ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել Իրանի կենտրոնում գտնվող ռազմական օբյեկտների վրա։ Ավելի վաղ սաուդյան «Al Hadath» հեռուստաալիքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և «մեկ այլ երկիր» ներգրավված են եղել ԱԹՍ-ներով Սպահանում գործարանի վրա կատարված հարձակմանը։ Վաշինգտոնն այս կերպ զգուշացրել է Թեհրանին, որ «զենքի գործարանների ստեղծումը և բալիստիկ զենքի արտահանումն անթույլատրելի է»։

Եթե հարձակմանն այլ երկրների ներգրավվածության մասին այս տեղեկությունը ճիշտ է, ապա վերոնշյալ «մեկ այլ երկիր»-ը կամ Մեծ Բրիտանիան է, կամ Ադրբեջանը… Պենտագոնի պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ զինված ուժերը ներգրավված չեն հարվածներին, սակայն հրաժարվել են այլ մեկնաբանություններից (դե, իհարկե, ժխտելու էր):

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) ավագ դասախոս Վլադիմիր Սոտնիկովի կարծիքով, կարելի է ենթադրել, որ ամերիկացիները չեն հարվածել: Բայց…

«Կարծում եմ, որ նրանք, ամենայն հավանականությամբ, տրամադրել են հետախուզական տեղեկատվություն,- ասել է Սոտնիկովը:- ԱՄՆ ռազմածովային և տիեզերական հետախուզությունը հետևում է Իրանի Իսլամական Հանրապետությունում գոյություն ունեցող բոլոր ռազմական նախապատրաստություններին: Չէ՞ որ Իրանը պատրաստվում էր այդ օբյեկտներում բալիստիկ հրթիռներ արտադրել և դա առանձնապես չէր թաքցնում»։

Ըստ Սոտնիկովի, առայժմ անհասկանալի է, թե որքանով է արգելակվել բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Եթե արգելակվել է, բացի հոգեբանական ազդեցությունից, այն նաև ռազմական արդյունք է:

РБК-ի տեղեկացմամբ , «The Wall Street Journal»-ը հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Իրանում պաշտպանական ձեռնարկություններին ԱԹՍ-ից հարված է հասցվել Մոսադի գործողության ընթացքում, գործողության կազմակերպիչները հասել են իրենց նպատակներին, չորս տարբեր շրջաններում գտնվող շենքերը ենթարկվել են ճշգրիտ հարվածների: Ըստ նույն հրապարակման, արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ օբյեկտներից մեկի տանիքը փոքր-ինչ վնասվել է, սակայն հրատարակչության զրուցակիցները Մոսադի գործողությունը, այնուամենայնիվ,  հաջողված են համարել։

Թե ինչի՞ հիման վրա են հաջողված համարել, անհասկանալի է, քանի որ այդ հաջողությունը որևէ կերպ հիմնավորված չէ:

Իսրայելի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել կատարվածը, իսկ Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես հավաստիացրել է, որ պաշտպանության նախարարության օբյեկտների վրա հարձակումը չի ազդի միջուկային արդյունաբերության զարգացման Թեհրանի ծրագրերի վրա։

Իրանի ռազմական օբյեկտներին հարվածներից հետո Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Twitter-ում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշված է. «Պայթուցիկ գիշեր Իրանում՝ անօդաչու թռչող սարքերի և արկերի արտադրություն, նավթավերամշակման ձեռնարկություններ: Ուկրաինան ձեզ նախազգուշացրել էր»: Այս գրառումից հետո Ուկրաինայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ։

Իրանում անօդաչու թռչող սարքերի հարվածների հաջող լինելու մասին արևմտյան հետախուզության, իսրայելական և արևմտյան ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունները, դատելով ամենից, չափազանցված են, իսկ իրանցի զինվորականները չեն ստում, որ հարձակումը չի հասել իր նպատակներին, քանի որ անօդաչուներից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության միջոցներով, «ևս երկուսն ընկել են պաշտպանական թակարդները և պայթել»։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան