Իրանում Ադրբեջանի դեսպանատան տարհանված աշխատակիցներն արդեն Բաքվում են

Իրանում Ադրբեջանի դեսպանատան տարհանված աշխատակիցներով ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Բաքուն «աբսուրդ» է անվանել իրանական կողմի հայտարարությունը, թե Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպը տեղի է ունեցել ընտանեկան և կենցաղային դրդապատճառններով։

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը լրագրողներին ասել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան դիվանագիտական ​​գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է։ Նա նշել է, որ դեսպանատան անձնակազմին տարհանելու որոշումը կայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Անվտանգության հարցում մենք ոչ հույս ունենք, ոչ վստահություն իրանական կողմի նկատմամբ», – ասել է նա։ Նրա խոսքով՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցնելու որոշումը չի վերաբերում Թավրիզում գլխավոր հյուպատոսության աշխատանքին։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ի առավոտյան մի տղամարդ մտել էր Իրանում Ադրբեջանի դեսպանատուն և կրակ բացել, ինչի հետևանքով զոհվել էր մեկ և վիրավորվել երկու մարդ։

Թեհրանի քրեական դատարանի դատախազը հայտնել է, որ կասկածյալը պնդում է, թե իր կինն անցած տարի ապրիլին գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և այդպես էլ տուն չի վերադարձել: Նրա խոսքով՝ տղամարդն իր բազմաթիվ այցերի ժամանակ ոչ մի պատասխան չի ստացել Ադրբեջանի դեսպանատնից, թե ուր է գնացել իր կինը, և մտածել է, որ կինը թաքնված է այնտեղ՝ Թեհրանում և չի ցանկանում հանդիպել։ «Այսօր առավոտյան ես որոշեցի գնալ դեսպանատուն արդեն Կալաշնիկովով զինված»,- ասել է նա քննիչներին՝ հավաստիացնելով, որ Թեհրանում դեսպանատան վրա իր հարձակման շարժառիթը անձնական է։

Ավելի վաղ Թեհրանի ոստիկանապետը հայտնել էր, որ հարձակվողին ոստիկանությունը ձերբակալել է անմիջապես դեպքից հետո։

Ոստիկանության խոսքով՝ տղամարդը դեսպանատուն է մտել երկու երեխաների հետ «Այսօր առավոտյան այս տղամարդը հրազենով (ԱԿ-47 ինքնաձիգ) մտել է Ադրբեջանի դեսպանատուն։ Հարձակման հետուանքով զոհվել է մեկ և վիրավորվել երկու մարդ»։ Նա նաև նշել է, որ նախնական տվյալներով՝ տղամարդու դրդապատճառներն անձնական և ընտանեկան խնդիրներն են եղել։