Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 31

Սկիզբը` այստեղ 

Արևմուտքը ոչ թե հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, այլ գրեթե իրական. այս մասին երեկ, «Ведомости«-ի տեղեկացմամբ , հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հարավային Աֆրիկայի իր գործընկեր Նալեդի Պանդորի հետ համատեղ ասուլիսում։ Թող ներող լինի պարոն Լավրովն իրեն մի փոքր ուղղելու համար. պետք է ասեր՝ ոչ միայն հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, այլ գրեթե իրական, որովհետև ՌԴ-ի դեմ անցյալ տարվանից սկսված և այժմ էլ շարունակվող հիբրիդային պատերազմը՝ իր տարբնույթ դրսևորումներով, անժխտելի փաստ է:

«Երբ մենք խոսում ենք այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, մենք խոսում ենք այն մասին, որ սա պատերազմ է, այն արդեն գրեթե հիբրիդային չէ, այլ գրեթե իրական է, որն Արևմուտքը երկար ժամանակ նախապատրաստում էր Ռուսաստանի դեմ…»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովը նաև նշել է, որ Մինսկյան համաձայնագրերի ստորագրման մեջ ներգրավված արևմտյան առաջնորդները խոստովանել են, որ համաձայնագրերը նպատակաուղղված են եղել սոսկ ժամանակ շահելուն, որի ընթացքում շարունակել են սպառազինություններ մատակարարել Ուկրաինա՝ Կիևից Ռուսաստանի դեմ սպառնալիք ստեղծելու համար։

«Սպառնալիքները, հիշեցնեմ, հենց մեր սահմաններին են… Մենք երկար տարիներ զգուշացրել ենք, որ պետք է կատարել Մինսկի պայմանավորվածությունները»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:

Ռուսական իշխանությունները նախկինում բազմիցս մեղադրել են Արևմուտքին ՌԴ-ի դեմ հիբրիդային պատերազմ սանձազերծելու մեջ: Մասնավորապես՝ 2022թ. սեպտեմբերին Լավրովն ասել էր, որ այդ գործողությունները ձեռք են բերել «աննախադեպ բնույթ»։ Նա նշել էր, որ հիբրիդային պատերազմի նպատակը Ռուսաստանի տնտեսության և երկրում կայունության ոչնչացումն է, ինչպես նաև միջազգային ասպարեզում Ռուսաստանի Դաշնության մեկուսացումը։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, իր հերթին, հունվարի 20-ին հայտարարել է, որ Ռուսաստանին «մարտի դաշտում» հաղթելու Միացյալ Նահանգների վերցրած կուրսն աշխարհը տանում է դեպի «աղետալի սցենարի»։

Երեկ հաղորդեցին նաև, որ խորհրդանշական «Ահեղ դատաստանի ժամացույցի» սլաքներն էլ ավելի են մոտեցվել «միջուկային կեսգիշերին»: Մոտեցվել են 10 վայրկյանով: Ինչպես ասել է «Bulletin of the Atomic Scientists»-ի նախագահ Ռեյչել Բրոնսոնը, դա նշանակում է, որ «միջուկային ապոկալիպսիսի կետին» մնացել է 90 վայրկյան։ Սլաքը տեղափոխելու որոշումը կայացվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

Վերջին երեք տարիներին «Դատաստանի օրվա ժամացույցը» պահպանել է ապոկալիպսիսից 100 վայրկյան առաջ նշագիծը: 90 վայրկյանը մարդկության համար ռիսկի ամենաբարձր մակարդակն է նախագծի ողջ պատմության ընթացքում, 1947թ.  թվականից ի վեր:

Արևմուտքում գտնվող վերոնշյալ կազմակերպության նյութերում նշվում է, որ միջուկային, կենսաբանական և քիմիական զենքի կիրառման ռիսկն աճել է Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի մուտքից հետո։ Ռազմական հակամարտության հետևանքով սպասելի է նաև կլիմայի փոփոխություն

«Դատաստանի օրվա ժամացույցն» առաջին անգամ գործարկվել է գրեթե 76 տարի առաջ: Ժամացույցի պատկերը՝ ժամի և րոպեի սլաքներով, որոնք ցույց են տալիս մինչև միջուկային կեսգիշեր մնացած րոպեները, վայրկյանները, ցուցադրված է «Ատոմային գիտնականների տեղեկագրի» շապիկին: Այս ժամանակը խորհրդանշում է միջազգային իրավիճակի լարվածությունը և միջուկային զենքի զարգացման առաջընթացը։

Ժամացույցի ցուցմունքները հաշվարկվում են տարեկան: Սլաքները տեղափոխելու որոշումը կայացնում է ամսագրի տնօրենների խորհուրդը հրավիրված փորձագետների հետ միասին, այդ թվում՝ Նոբելյան տասը մրցանակակիրների։ Միջուկային կեսգիշերից ամենահեռու կետը եղել է 1991-ին, երբ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը ստորագրեցին ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագիրը: Այն ժամանակ ժամացույցը ցույց է տվել ժամը 23:43-ը, այսինքն՝ կեսգիշերից 7 րոպե պակաս, հիմա, ըստ գիտնականների, փորձագետների, մնացել է ընդամենը 90 վայրկյան:

Նույն օրը՝ հունվարի 24-ին, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ԱՄՆ-ի և Գերմանիայի ղեկավարներին առաջարկել է դադարեցնել միջուկային ժամացույցի տկտկոցը, բայց նախ գիտակցել, որ իրենց ուկրաինական սլաքը ժանգոտել է։

«Թող ժամագործներ Բայդենն ու Շոլցը որոշ ժամանակ դադարեցնեն ատոմային ժամացույցի տկտկոցը։ Դրա համար նրանց անհրաժեշտ է հասկանալ, որ իրենց ուկրաինական սլաքը վաղուց ժանգոտել են»,- ասել է Մեդվեդևը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին, թե ի՞նչ անել այս ժամացույցի սլաքները թեկուզ մի փոքր ետ տեղափոխելու համար։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան