Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 30

Սկիզբը` այստեղ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ТАСС-ին երեկ տված հարցազրույցում այն կարծիքն է հայտնել , որ ԱՄՆ-ը սպառնում է ֆիզիկապես վերացնել Ռուսաստանի նախագահին: Ըստ Լավրովի, Պենտագոնի «անանուն պաշտոնատար անձանց» հայտարարությունները Կրեմլին «գլխատման հարված» հասցնելու մասին, ըստ էության, խոսում են ռուսական պետության ղեկավարի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի մասին։

«Վաշինգտոնում գնացին ամենից հեռուն. այնտեղ Պենտագոնի որոշ «անանուն պաշտոնատար անձինք» փաստացի սպառնացել են «գլխատման հարված» հասցնել Կրեմլին, ըստ էության, խոսքը գնում է ռուսական պետության ղեկավարի ֆիզիկական վերացման սպառնալիքի մասին,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:- Եթե ​​ինչ-որ մեկի կողմից նման գաղափարներ իրականում հասունացվում են, ապա այդ մեկը պետք է շատ լավ մտածի նման ծրագրերի հնարավոր հետևանքների մասին»։

Բացի վերոնշյալից, ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է միջուկային ոլորտում Արևմուտքից եկող առճակատման ազդանշանների մասին։

«Այնտեղ, կարծես, բոլորովին դեն նետեցին ցանկացած պարկեշտություն,- ասել է Լավրովը:- Վառ կերպով իրեն նշանավորեց ոչ անհայտ տխրահռչակ Լիզ Թրասը (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ)՝ նախընտրական բանավեճի ընթացքում առանց կասկածի հայտարարելով, որ լիովին պատրաստ է միջուկային հարվածի հրաման տալ»:

«Էլ չեմ խոսում արդեն Կիևի վարչակազմի սահմաններն անցած սադրանքների մասին,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:- Վլադիմիր Զելենսկին (Ուկրաինայի նախագահ) բանը հասցրել Է մինչև Ռուսաստանին ՆԱՏՕ- ի երկրների կանխարգելիչ միջուկային հարվածների պահանջը: Սա նույնպես անցնում է թույլատրելիի սահմանները»:

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Լավրովը հայտարարել է  նաև, որ Արևմուտքի ընթացքը միջուկային տերությունների անմիջական զինված բախման վտանգ է պարունակում: ՌԴ արտգործնախարարի հավաստմամբ, Ռուսաստանի տոտալ զսպմանն ուղղված Արևմուտքի քաղաքականությունը չափազանց վտանգավոր է, այն կրում է անմիջական զինված բախման մեջ միջուկային տերությունների սահելու վտանգ։

Լավրովի խոսքով՝ Արևմուտքում անդադար ծավալվում են «անպատասխանատու շահարկումներ, թե Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ուկրաինայի դեմ»։

«Մենք խոսում ենք բոլորովին այլ բանի մասին. մեր երկրի ամբողջական զսպման Արևմուտքի քաղաքականությունը չափազանց վտանգավոր է, այն կրում է միջուկային տերությունների ուղղակի զինված բախման մեջ գլորվելու վտանգ», – ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։

Ինչպես նշել է նախարարը, արևմտյան քաղաքական գործիչները սրում են միջուկային բախման հռետորաբանությունը, և հենց նրանց պետք է հարցնել՝ արդյոք այդ միտումը կշարունակվի՞ 2023 թվականին։

«Մենք խորը մտահոգությամբ արձանագրում ենք ԱՄՆ-ում և, ընդհանրապես, Արևմուտքում միջուկային զենքի թեմայի շուրջ քարոզչական վաքխանալիան»,- ասել է Լավրովը։

Լավրովը հայտարարել է  նաև ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ճակատային բախման հասնելու Ուկրաինայի փորձերի մասին: ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Լեհաստանում ընկած հրթիռի հետ կապված միջադեպը ցույց տվեց, որ Կիևի ռեժիմը ոչնչի առաջ կանգ չի առնելու: Լավրովի հավաստմամբ՝ Կիևի վարչակազմը փորձում է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի մյուս անդամներին էլ ավելի խորացնել ուկրաինական հակամարտության մեջ՝ հույս դնելով Ռուսաստանի հետ նրանց ճակատագրական բախման վրա:

Ռուսական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Մոսկվան չի դադարի Արևմուտքում գտնվող իր ոչ բարեկամներին նախազգուշացնել ուկրաինական ճգնաժամի սրման վտանգի մասին։

«Այն կոնտինգենտի հետ, որը նրանք աճեցրել են Կիևում, իրավիճակի անվերահսկելի զարգացման վտանգը մնում է խիստ բարձր,- նշել է Լավրովը:- Կարևոր է թույլ չտալ աղետ»:

Արևմուտքում ոմանք իսկապես անցնում են ամեն չափուսահման, անում հայտարարություններ, որոնք էլ ավելի են սրում առանց այն էլ լարված իրավիճակը, որը կարող է հանգեցնել նույնիսկ համաշխարհային աղետի: Այդպիսի հերթական հայտարարություններից մեկի հեղինակը մոտ մեկ շաբաթ առաջ դարձել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Քինզինգերը (ազգանունն արդեն իսկ շատ բան է հուշում…): «РИА Новости»-ի փոխանցմամբ , նա ամերիկյան «Newsweek» ամսագրին ասել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ-ն) Ռուսաստանին կկարողանա հաղթել երեք օրում:

«ՆԱՏՕ-ի պատերազմը Ռուսաստանի դեմ իրականում նման կլինի եռօրյա գործողության»,- գրել է նա Twitter-ում՝ պատասխանելով հիշյալ սոցիալական ցանցի օգտատերերից մեկի հարցին, թե դաշինքն ինչո՞ւ դեռ չի հաղթել Ռուսաստանին բաց առճակատման մեջ:

Ինչպես նշվում է «Newsweek»-ում, խորհրդարանականն ակտիվորեն աջակցում է Կիևին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հենց սկզբից։

Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված զենք է պարունակում, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան