Մեծ Հայքից մեզ բաժին հասած Հայաստանի և Արցախի ամեն մի անկյունում մեր նախնիների քաղաքակրթական հետքն է

Դեպի մեր նախնիների հազարամյակների մշակութային ժառանգության հերթական վայր մեզ ուղեկցող սասունցի պապերի ժառանգ և նրանց ավանդույթի կրող ուջանցի Ռազմիկն իր քաղցրահունչ բարբառով պատմում է, թե ինչպե՞ս և ինչո՞ւ է որդուն Անդրանիկ զորավարի պատվին անվանակոչել և ասել նրան, որ առաջնեկ թոռանը ոչ թե իր, այլ Գևորգ Չավուշի անունով պատվեն։

Թևերը մեջքին ծալած հանգիստ սարնիվեր բարձրացող Ռազմիկը մեզ դաստիարակած Խաչիկ Դաշտենցի հանրահայտ գլուխգործոցի Խոդեդանին է հիշեցնում, իսկ նրա լեռնական բարբառն Ուջանի քարքարոտ սարերը Սասունի համ ու հոտով են լցնում։

Իմ նախնիների մի ճյուղն էլ Արևմտյան Հայաստանից է, և մենք երկուսով, թողած Սասնա սարերն  ու Վանա ծովակի ափերը, բարձրանում ենք Ուջանի լեռները, որտեղ կրկին մեր նախնիների քաղաքակրթական հետքն է՝ Դրասխանակերտցու հիշատակած նույն այն Վժանի մոտակա լեռները, որտեղ Դողսի ճակատամարտում Ափշինի բանակին պարտության մատնելուց առաջ հագիստ է առել Սմբատ Բագրատունու հայոց փառապանծ զորքը։

Մեծ Հայքից մեզ բաժին հասած Հայաստանի և Արցախի ամեն մի անկյունում մեր նախնիների քաղաքակրթական հետքն է, նրանց փառքի հիշողությունը և Հայքի կորուսյալ մասի համն ու հոտը, ուստի այս հողի յուրաքանչյուր թիզ սրբազան է՝ անխտիր ամեն թիզ։

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից