Փաշինյանի ինքնախոստովանությունն իրականությունից շեղելու համար է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

Բաբկեն Հարությունյանն անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի հրդեհին և նրա հետևանքով 15 զինծառայողների ողբերգական մահվանը՝ հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ պետք է մեր ժամկետային զինծառայողները՝ դեռ կյանք չմտած ու չկոփված տղաները, նման վատ պայմաններում ծառայեն, ինչպիսին Ազատ գյուղի զորամասի պայմաններն էին։ Դա եզակի դեպք չէ, այդ տնակը, որում նրանք իրենց ծառայություններն էին իրականացնում, տիպական է, քանի որ բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ կան, թե ինչպիսի սուղ պայմաններում են տղաները անցկացնում ծառայության ողջ ժամանակահատվածը՝ դիմակայելով ցրտին, քաղցին, ֆիզիկական լարվածությանը, թշնամու կրակից սպանված լինելու վախին, տագնապին։ Ողբերգությունից հետո Փաշինյանը հայտարարեց, թե իշխանությունն արմատական փոփոխություններ անելու կամք չի ցուցաբերել, խնդիրները դիտարկել է մակերեսային և դրանով մեղքի իրենց բաժինը թոթափեց։ Այդ խոստովանությունից հետո ցանկացած քաղաքացու մտքում պետք է հարց, ընդվզում առաջանար՝ ո՞ւմ է պետք այնպիսի իշխանությունը, որը կամք չունի դրական փոփոխություններ անելու։

Անդրադառնալով Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջին՝ Բաբկեն Հարությունյանն ասաց, որ մի կողմից Պապիկյանը չլինի, կլինի մեկ այլ դրածո, որը Փաշինյանի քաղաքականությունը կիրականացնի ոլորտում՝ անտեսելով այն կամ գուցե միտումնավոր կազմաքանդելով։ Մյուս կողմից էլ՝ ծանրակշիռ իշխանության դեպքում պետք է այդպիսի պրակտիկա ձևավորվի, որ ամեն ողբերգական, ցավալի ձախողման համար պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեն։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում