Պենտագոնը չի կարողացել համոզել Գերմանիայի պաշտպանության նախարարին՝ տանկեր տեղափոխել Կիև. CNN

Պենտագոնը չի կարողացել համոզել Գերմանիային՝ տանկեր տեղափոխել Կիև: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Նշվում է, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ հանդիպման նախօրեին հայտարարել է գերմանացի գործընկերոջ վրա «ճնշում գործադրելու» մտադրության մասին։ Այնուամենայնիվ, ԱՄՆ որոշ պաշտոնյաներ կարծում են, որ «զարմանալի կլինի», եթե Գերմանիան հետ կանգնի իր դիրքորոշումից և ենթարկվի հորդորներին։

CNN-ը նշում է, որ Գերմանիան պատրաստակամություն է հայտնել իր տանկերը մատակարարել Ուկրաինային, եթե նույնը անի ԱՄՆ-ը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դա բացատրել է նրանով, որ պետությունը գերադասում է գործել գործընկերների հետ միասին, քան միայնակ։

«Մենք երբեք ոչինչ չենք անում ինքնուրույն, այլ ուրիշների հետ միասին, հատկապես ԱՄՆ-ի հետ», – ասել է նա։

Հիշեցնենք, որ Կիևը Գերմանիայից խնդրել էր Leopard և Marder տանկերը դեռ մարտին, իսկ սեպտեմբերին կրկնել էր իր խնդրանքը։ Այնուամենայնիվ, Գերմանիան չի շտապում Ուկրաինային զինել ժամանակակից տանկերով։ Վարկածներից մեկի համաձայն՝ Բեռլինն այս հարցում որոշակի պայմանավորվածություն ունի։