Ալիևը հայտարարել է, թե Երևանը չի պատասխանել խաղաղության համաձայնագիր ստորագրելու Բաքվի առաջարկին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանը չի պատասխանել խաղաղության համաձայնագիր ստորագրելու Բաքվի առաջարկին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի «Եվրասիական Միջին միջանցք. ճանապարհից դեպի մայրուղի» թեմայով պանելային նիստում՝ Ալիևը մեղադրել է Հայաստանին այն բանում, որ նա «մերժել է» Երևան-Թբիլիսի-Բաքու համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու առաջարկը։

«Կոմիսար Խանը ակնարկեց այստեղ Հայաստանի բացակայության մասին։ Նա ասաց, որ ներկա են Հարավային Կովկասի երկու երկրներ, բայց դրանք առնվազն երեքն են։ Ես գիտեմ, թե ում նկատի ուներ: Բայց ինչո՞ւ Հայաստանը չկա։ Որովհետև Հայաստանը մերժել է համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու Վրաստանի հետ մեր առաջարկը… Ես բարձր եմ գնահատում իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլու ջանքերը, որը կազմակերպեց Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որին միացավ վրացի գործընկերը։ Մեր առաջարկն էր Վրաստանում կազմակերպել առաջնորդների հանդիպում, քանի որ Վրաստանը պատմականորեն միշտ եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարևանները։ Բայց Հայաստանը պատրաստ չէ դրան։ Սա հնարավոր ռիսկերից մեկն է։ Եթե կովկասյան երեք երկրները միավորեն իրենց ջանքերը էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, կայունության, սահմանների սահմանազատման ոլորտում, ապա տարածաշրջանը շատ ավելի անվտանգ կդառնա»,- հայտարարել է Ալիևը։