Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե այս պայքարը միայն Արցախի և արցախցու համար է․ Տիգրան Աբրահամյան

«Այս իրավիճակում բոլոր այն ուժերը, խմբերը, որոնք խոչընդոտ են հանդիսանում իրավիճակի հանգուցալուծման, հայկական շահերի իրացման համար, ընդամենը պետք է ճանապարհից դուրս շպրտել»,- «Լույս թունելի վերջում» խորագրով քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունների պայմաններում Արցախի և Հայաստանի համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվելու և հաղթահարման լուծումները շատ մշուշոտ են լինելու:
«Այս տեսանկյունից՝ գլխավոր խոչընդոտը Հայաստանի գործող իշխանությունն է, առանց որի հեռացման՝ Արցախի հետ կապված հայանպաստ լուծումները լինելու են չափազանց բարդ»,-հայտարարեց Աբրահամյանը:

Խոսելով անվտանգային մարտահրավերների մասին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց․

«Ի՞նչ կտար Հայաստանի անհրաժեշտ անվտանգային համակարգերի առկայությունը: Պատասխան՝ այն Ադրբեջանին կզսպեր: Ի՞նչ ենք ունեցել մենք մինչև 2018 թվականը, երբ Հայաստանում հայտնի քաղաքական իրադարձությունները տեղի չէին ունեցել: Ադրբեջանը նույն իր դաշնակիցների՝ Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի, մնացածների աջակցությամբ աճում էր, մեծածավալ սպառազինություն էր ձեռք բերում, փորձում էր անհաջող լոկալ գործողությունների գնալ»,-ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ ամենամասշտաբայինն 2016 թվականի ապրիլյան գործողություններն էին, որի ժամանակ Բաքվին չհաջողվեց մարտական խնդիրներ լուծել:
«Պետք է գիտակցել, որ այս իրավիճակում Ադրբեջանին զսպելու առաջնային գործոնն անհրաժեշտ մարտունակ զինված ուժերի գոյությունն է, իսկ գործող իշխանության տարիներին հետևողական աշխատանք տարվեց Հայաստանի և Արցախի անվտանգության ողնաշարի կոտրման ուղղությամբ»,- հայտարար Տիգրան Աբրահամյանը։

«Պատահական չէ իշխանության այն ձևակերպումները, թե մենք չունենք  անհրաժեշտ զինված ուժեր մեր խնդիրները լուծելու և առաջ գնալու համար: Սրանք հիմքեր են նախապատրաստում, որ տասնամյակներով հայն իր բնօրրանում ոտքի կանգնելու հնարավորություն չստանա… Այս իշխանության՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը նվազեցնում է տարածաշրջանում հայի գոյատևման հնարավորությունը… Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե այս պայքարը միայն Արցախի և արցախցու համար է»,-ասաց պատգամավորը: