ՀԱՊԿ քարտուղարության իրավասությունների մեջ չի մտնում ՀԱՊԿ անդամների հայտարարությունների մեկնաբանումը. ԱԳՆ խոսնակ

Հայաստան ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն արձագանքել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որը հանդես էր եկել Հայաստանի Հանրապետության տարածքում զորավարժությունների չեղարկման հարցի առնչությամբ մեկնաբանությամբ:

Խոսնակը մասնավորապես, նշել է. «Առաջին հերթին կցանկանայինք նշել, որ Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։

ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։

Քարտուղարության խնդիրները հստակորեն սահմանված են Կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում: Քարտուղարությունը Կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովման աշխատանքային մարմին է:

Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով»:

Հիշեցնենք, որ երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել էր, որ ՀԱԿՊ-ը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանում «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին։