Քանի Նիկոլ- աղետն իշխանության ղեկին է, Արցախին ու Հայաստանին նոր աղետներ են սպասվում. 9

Սկիզբը` այստեղ

Ամանորից առաջ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր հայ լրագրող կցանկանար մի լավ, մի բարի, մի ուրախ լուր հաղորդել իր հայրենակիցներին, բայց… Լաչինի միջանցքն արտաքին թշնամու կողմից դեռ մնում է արգելափակված, իսկ Հայաստանի վարչապետի աթոռը դեռ զբաղեցնում է թիվ 1 ներքին թշնամին՝ Նիկոլը, ու սրանով ամեն ինչ արդեն ասված է:

Այսքան ուրախ և երջանիկ կյանքը մեզ պարգևել են հենց Նիկոլը, Ալիևը, Էրդողանը… Կարող եմ շարունակել այս թվարկումը՝ ջհուդամասոնները, գլոբալիստները, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Սորոսը, Բիլ գեյթսը, «Բրիթիշ Փեթրոլիումը», հանկարծ չմոռանանք, նաև Լևոն Տեր- Պետրոսյանը… Բայց, ինչպես ասում են, թեմայից շատ չշեղվենք, մանավանդ, որ եթե խորանանք նրանց հետ կապվածի մեջ, լրագրային հոդվածի փոխարեն, կարող է վեպի ծավալի մի բան գրվել կամ հայոց նոր դանթեականը:

Չգիտենք՝ աշխարհում, Հայաստանից բացի, կա՞ որևէ այլ երկիր, որի Անվտանգության խորհրդի ղեկավարը գործի այդ նույն երկրի ազգային անվտանգության դեմ…

Ռուսաստանի դեմ հնարավորինս նրբորեն ու խորամանկորեն գործող Նիկոլի հավատարիմ ու կարկառուն կադրերից մեկը՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրայինի եթերում դեկտեմբերի 26-ին  հայտարարեց, ավելի ճիշտ, զրպարտեց, թե ՌԴ-ն Հայաստանին հարկադրում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, միանալ Ռուսաստան- Բելառուս միութենական պետությանը։

Դժվա՞ր է հասկանալ, թե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի, առավել ևս՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի, այս զրպարտությունը Հայաստանի և Արցախի համար այս բախտորոշ պահին ինչ հետևանքներ կարող է ունենալ: Չէ՞ որ Ռուսաստանում, ինչպես Հայաստանում, շատ լավ գիտեն, որ Արմեն Գրիգորյանը Նիկոլի աջ ձեռքն է կամ այդպիսին համարվողներից մեկը, և որ նրա շուրթերով Նիկոլն է խոսում ու հենց Նիկոլն է խոսել դեկտեմբերի 26-ին Հանրայինի եթերում:

Ի՞նչ է՝ Ռուսաստանի քաղաքական վերնախավում բոլո՞րն են մեզ սիրում կամ համակրում, գիշերը, քնելուց առաջ, մտածում հայերիս ու Հայաստանի մասին, առավոտյան աչքերը բացելիս մտածում, թե ինչ եղան այն խեղճ հայերը, որոնց կյանքի ճանապարհն Ադրբեջանը փակել է: Կարելի՞ է, չէ՞, պատկերացնել, որ հիմա այնտեղ ոմանք Արմեն Գրիգորյանի այս հայտարարության տեսաձայնագրությունն օպերատիվ կերպով հասցրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, արտգործնախարար Սերգեյ Լավրովին, մյուսներին և ասել՝ լսեք, թե մեր ոչուբարով ռազմավարական դաշնակցի Անվտանգության խորհրդի քարտուղարն ինչ է ասել, ինչ է զրպարտել մեր հասցեին…

Պաշտոնական Մոսկվայի արձագանքը չուշացավ. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեկտեմբերի 27-ին News.am-ի հետ զրույցում «սադրիչ» է որակել Արմեն Գրիգորյանի հայտարարությունները և պնդել, որ ռուսաստանցի ոչ մի պաշտոնյա նման բան չի ասել և ոչ մեկի միջոցով չի փոխանցել հայկական կողմին։

Իր հերթին, ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 29-ին ամենշաբաթյա ճեպազրույցում փաստեր է պահանջել, որ ՀՀ-ին պարտադրվել է միջանցք տրամադրել Ադրբեջանին և դառնալ միութենական պետության մաս:

«Իսկ կարելի՞ է մի հարց. ո՞ւմ են վկայակոչում մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին,- ասել է Զախարովան:- Այն մասին, որ նրանց հարկադրում են… Ի՞նչ փաստեր են վկայակոչում։ Կա՞ն ինչ-որ փաստեր, թե ինչպես է տեղի ունեցել հարկադրանքը՝ բարեկամական իրադրությունո՞ւմ, կարմիր գինու գավաթի շո՞ւրջ, թե՞ կոշտ է տեղի ունեցել այդ հարկադրանքը։ Ինչպե՞ս են հարկադրել։ Պետք է, չէ՞, հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Թե՞ մարդը վեր է կացել և ասում է. «Գիտեմ, որ հարկադրել են։ Անգամ հիշում եմ, բայց չեմ հիշում թե ով և չեմ հիշում, թե ինչպես»։ Հասկանո՞ւմ եք, որ պետք է գոնե ինչ-որ փաստեր լինեն։

Եթե մարդիկ նման հայտարարություն են անում՝ փաստեր չներկայացնելով, և, ընդ որում, կոնկրետ հիշատակում են երկիրը, և ոչ թե որպես միտում են խոսում, այլ անմիջականորեն հավակնություն են ներկայացնում երկրին, ապա բարի եղեք, ամրագրեք դա փաստերով։ Չէ՞ որ փաստերը, որոնք իբր վկայակոչվում են, թե իբր դրանք եղել են, դե, ցույց տվեք, պատմեք։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ինչ-որ բան ասել ի հավելումն այն բանի, ինչն ասվել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի կողմից այն մասին, որ ռուս պաշտոնյաներից ոչ մեկը երբեք նման ոչ մի բան չի ասել։ Ես նկատի ունեմ Հայաստանի միանալը միութենական պետությանը։ Դե, այս տեսակ բոլոր արտահայտությունների գնահատականները տրվել են։ Եվ մեկ անգամ ևս. ինչ-որ բան գոնե պե՞տք է ներկայացնել։

Եվ, ի դեպ, նույնը կարելի է ասել այն պնդման մասին, որ մենք, իբր, Երևանին պարտադրում ենք իր կողմից չվերահսկվող մի ինչ-որ միջանցք Հայաստանի տարածքով։ Սա ֆեյք է, ինչի մասին նույնպես բազմիցս խոսել ենք։ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ճանապարհներ, այդ թվում, Հայաստանի հարավում երկաթուղային ճյուղի վերականգնման հետ կապված։ Այդ աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չեն վիճարկում ոչ Երևանը, ոչ Բաքուն, այնպիսին է, որ երթուղիների ինքնիշխանությունը պատկանում է այն երկրին, որի տարածքով այն անցնում է»։

Եթե անկեղծ և միայն անկեղծ, ապա, մեղմ ասած, այնքան էլ վստահ չենք, որ Բաքուն չի վիճարկում Ադրբեջանի համար նախատեսված, մասնավորապես, Նախիջևանի հետ կապն ապահովող երթուղու կամ երթուղիների ինքնիշխանության պատկանելը Հայաստանին, բայց և կարևորում ու գնահատում ենք, որ դրանց նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը երբևէ չի վիճարկել ու չի վիճարկում մեր բարեկամ ու ռազմավարական դաշնակից Ռուսաստանը:

Ով ով, բայց ԱԽ ոչուբարով քարտուղար Արմեն Գրիգորյանը չէր կարող չիմանալ կամ մոռանալ, թե ինչ է ասել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Российская Газета» թերթին տված ու նշված թերթում 2022թ. սեպտեմբերի 30-ին հրապարակված հարցազրույցում , հետևաբար նա ամենալկտի կերպով զրպարտել է մեր ռազմավարական դաշնակցին, ընդ որում, վտանգավոր ոտնձգություն կատարելով Հայաստանի ազգային անվտանգության ու շահերի նկատմամբ:

Իսկ ովքեր մոռացել են, հիշեցնենք, թե ինչ է ասել ՌԴ փոխվարչապետը վերոնշյալ հարցազրույցում.

«Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է եղել այս ռեժիմի սահմանման մոտեցումների։ Սկզբունքն է՝ «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով է անցնում ճանապարհը»։ Սա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ուրեմն դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական տարածքով, ուրեմն՝ ադրբեջանական։

Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը և հստակ կանգնած է երեք երկրների ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների դիրքորոշումների վրա: Դա նշանակում է, որ փոխվարչապետերի Եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չկա և չի կարող լինել որևէ «արտատարածքային միջանցքի» մասին, որը որևէ կերպ կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը։

Գործնականում այս սկզբունքի իրականացումը նշանակում է, որ Ադրբեջանից Հայաստանի տարածք ապաշրջափակված կամ նորակառույց ճանապարհներով մուտք գործելու համար սահմանային և անձնագրային հսկողության միջոցառումները կլինեն նույնը, ինչ, օրինակ, Իրանից Հայաստան մուտք գործելիս։ Նմանապես, անձնագրային հսկողությունը կլինի Հայաստանից Ադրբեջան մուտքի մոտ»։

Հարցազրույցը վարողի հարցին՝ «Այսինքն՝ Եռակողմ աշխատանքային խումբն աշխատում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ռեժիմը լինի նույնը, ինչ սովորաբար տեսնում ենք նորմալ հարաբերություններ ունեցող երկրների միջև՞», Օվերչուկը պատասխանել է. «Ճիշտ այդպես: Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ»։

Նիկոլին մեկ անգամ ևս զգուշացնում եմ՝ յուրայիններով միջնորդավորված կերպով կամ ուղղակիորեն չթունավորել հայ- ռուսական միջպետական հարաբերությունները, չխաղալ կրակի հետ և նկատի ունենալ, որ դա իր համար կարող է լինել ճակատագրական…

Հայ ժողովրդի հետ կապված հույսեր երբևէ չեմ ունեցել, որովհետև, կարծում եմ, բավականաչափ ճանաչում եմ նրան, բայց ազգը տարբերում եմ ժողովրդից, և կոչ եմ անում ազգին համախմբվել ու պատրաստ լինել իր նոր Սարդարապատին:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան