Քանի Նիկոլ- աղետն իշխանության ղեկին է, Արցախին ու Հայաստանին նոր աղետներ են սպասվում. 8

Սկիզբը` այստեղ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ Բաքուն հրաժարվում է Երևանի հետ խաղաղության համաձայնագրում ներառել Ղարաբաղում հայկական փոքրամասնությանը վերաբերող հարցերը։ Այս մասին նա, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է՝ ընդունելով Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակությանը։

«Նրանք (Հայաստանը) ցանկանում են խաղաղության համաձայնագրում ներառել Ադրբեջանում հայկական փոքրամասնության հետ կապված հարցեր,- ասել է Ալիևը:- Դա տեղի չի ունենա։ Դա անհնար է: Մենք սրան չենք համաձայնի»։

Ալիևն ավելի վաղ քանիցս հայտարարել է, որ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի համար արդեն լուծված է, այդպիսի հարց Ադրբեջանի համար գոյություն չունի: Այս հայտարարությամբ էլ Արցախի Հանրապետության բնակչությանը Ղարաբաղում հայկական փոքրամասնություն ներկայացնելով, նկատի ունի, որ Ղարաբաղն Ադրբեջանի մասն է կամ Ադրբեջան, իսկ այնտեղ ապրող հայերն Ադրբեջանի բնակչության կազմում փոքրամասնություն հանդիսացող հայեր`  հայկական փոքրամասնություն:

Կամ էլ` Ալիևը հույս ունի, որ շուտով այնքան ադրբեջանցիներ է լցնելու Ղարաբաղ, որ հայերն այնտեղ փոքրամասնություն են կազմելու, պարզապես ժամանակից առաջ ընկնելով, արդեն հիմա այդպես է ներկայացնում:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլն ավելի վաղ Բաքվին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղի հայերին շրջափակելու, ինչպես նաև նրանց ցեղասպանելու մտադրության, մեջ՝ Երևանի կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու պատրվակով։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անընդունելի է համարել Նիկոլի վերոնշյալ հայտարարությունը և նշել է, որ ցեղասպանության մասին հայտարարությունները «հերթական հարված են երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին»։

Մեկ նալին, մեկ մեխին խփելը, մեկ խաղաղության օրակարգից բարբաջելը, մեկ հայերին շրջափակելու ու ցեղասպանելու մտադրության մեջ Ադրբեջանին մեղադրելը, այսինքն` Նիկոլի հայտարարությունների հակասականությունն ակնհայտ և անժխտելի է: Այլ հարց է, թե որն է այդ ամենի նպատակը: Գուցե ա՞յն, որ պատերազմն ավելի վաղ չսկսվի, քանի դեռ չի եկել Ռուսաստանի համար ծանր կամ ամենաանպատեհ ժամանակը…

Նիկոլի խոսքով` տարածաշրջանից ռուսական խաղաղապահների դուրսբերման շուրջ բանակցությունները, առանց Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության հստակ միջազգային երաշխիքների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է։

Կարող ենք եզրակացնել, որ Նիկոլն այսպիսով փակագծեր է բացել` Ալիևն Արցախից ռուսական խաղաղապահների դուրսբերման շուրջ բանակցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Եթե դա իրոք այդպես է, ապա տվյալ բանակցություններն Ալիևի համար ապարդյուն են եղել, ինչի վկայությունն է Սոչիում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով ընդունված եռակողմ հայտարարությունը:

Հնարավոր մյուս բացատրությունն էլ այն կարող է լինել, որ արձագանքելով Արցախից ռուսական խաղաղապահներին դուրս բերելու համար Ալիևի հետ միասին Պուտինի հետ բանակցելու Արևմուտքի միանգամայն ենթադրելի, հնարավոր կուլիսային պահանջին, Նիկոլը նրանց հետևյալ ուղերձն է փոխանցել` Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության հստակ (իրականում` թղթե) միջազգային երաշխիքներ տվեք, և ես պատրաստ եմ Ալիևի հետ միասին բանակցել Պուտինի հետ, որ ռուսական խաղաղապահներն Արցախում արդեն ավելորդ են ու պետք է այնտեղից հանվեն:

Ալիևից բացի, Արևմուտքը նույնպես կարող էր Նիկոլին փոխանցել վերոնշյալ պահանջը որպես Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի նախապայման, իհարկե, ռուսական խաղաղապահներին հանելու հարցում, իր հերթին, ունենալով սեփական աշխարհաքաղաքական և այլ բնույթի շահերը:

Ընդգծենք, որ Արցախի Հանրապետությունից ռուսական խաղաղապահների դուրսբերումը, անկախ նրանից` Արցախի բնակչության անվտանգության հստակ միջազգային երաշխիքներ կտրվեն, թե չեն տրվի, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետի խախտում կլինի, ինչը Նիկոլն անտեսում է:

Ի՞նչ է անելու Նիկոլը, ի՞նչ խաղաղության պայմանագիր է ստորագրելու Ալիևի հետ, դրանում Արցախի Հանրապետության բնակչությանը, մասնավորապես, նրա անվտանգությանը, ԱՀ կարգավիճակի հարցն առկախ թողնելուն, դրա որոշումը հետաձգելուն վերաբերող դրույթներ ներառվելո՞ւ են, թե Արցախի Հանրապետության, նրա բնակչության մասին որևէ հիշատակում չի լինելու կամ ԱՀ-ն ճանաչվելու է որպես Ադրբեջանի մաս, Ադրբեջան: Նիկոլն ավելի վաղ հայտարարել է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրության մասին: Տարածաշրջանն էլ է վառոդի տակառի վրա, ինքն էլ…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան