Բագրատաշենի անցակետով ՀՀ մուտք է գործել 94 %-ով ավելի շատ բեռնատար

2022 թվականի դեկտեմբերի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի անցակետով Հայաստան է մուտք գործել շուրջ 3500 բեռնատար տրանսպորտային միջոց, որն ավելի քան 94 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 2021 թվականի դեկտեմբերի 18-27-ը նշված անցակետով Հայաստան մուտք է գործել շուրջ 1800 բեռնատար տրանսպորտային միջոց։

ՊԵԿ-ից հայտնում են, որ միաժամանակ, Գոգավան-Պրիվոլնոյեի անցակետով 2022 թվականի դեկտեմբերի 18-27-ը Հայաստան մուտք է գործել շուրջ 1290 բեռնատար տրանսպորտային միջոց, որը շուրջ յոթ անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (2021 թվականին՝ շուրջ 190)։

Մաքսային անցակետերը գործում են բնականոն ռեժիմով։ Մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները թույլ են տալիս սահմանված ընթացակարգերով և հավուր պատշաճի իրականացնել տրանսպորտային միջոցների հոսքերի սպասարկումը։