Հայ-ռուսական առճակատման փորձ՝ Արևմուտքի և թուրք-ադբեջանական տանդեմի դրդմամբ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն է:

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային  հեռուստատեսության եթերից հնչեցրեց սկանդալային հայտարարություն, ասելով, թե Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա Միութենական պետության անդամ դառնալու համար և ժողովրդավարական համակարգն ու Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում են դրան։ Նա նաև շեշտեց, թե․ «Ճնշում ենք ստանում նաև ռազմական տեսքով»: Ի պատասխան՝ լսեցինք Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կոշտ  արձագանքը. «Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որևէ մեկի միջոցով դա չի ներկայացրել հայկական կողմին»։ Ինչի՞ հետ  գործ ունենք:

Հայկ Նահապետյանը, մասնավորաբար, ասել է․

*ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները փչացնելու և բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար։

* ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունը կատարող անձը՝ Արարատ Միրզոյանը, դեկտեմբերի 23-ին չգնաց Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի ու Ալիևի հետ ու արեց անհիմն հայտարարություն, թե չի գնում, քանի որ Լաչինի միջանցքը փակ լինելու հետևանքով կա ճգնաժամ։ Երևի Միրզոյանը մոռացել է, որ սեպտեմբեր 13-14-ից հետո, երբ ադրբեջանցիները օկուպացրել էին Հայաստանի  տարածքը՝ վերցրել ռազմագերիներ, զոհված զինծառայողների մարմինները խոշտանգում էին, ինքը ականջները մինչև բերանը բացած, Պրահայում զրուցում էր իր կոլեգաների հետ։ Այսինքն, եթե  նա սկզբունքային է, ուրեմն, պետք է նաև այն ժամանակ, երբ Հայաստանը օկուպացվել էր՝  Պրահա չգնար․․․ ուստի նրա պատճառաբանությունը  կեղծիք է։

*  Ինչու Արմեն Գրիգորյանը արեց իրականության հետ առնչություն չունեցող հայտարարություն։ Մինչ Փաշինյանը Պետերբուրգում ՌԴ նախագահի հետ երկկողմ, հետո ինչպես Պուտինն ասաց՝ եռակողմ ձևաչափով պետք է հանդիպում ունենար, դրանից ժամեր առաջ Արմեն Գրիգորյանը, իհարկե, Փաշինյանի հանձնարարականով, Երևանից հնչեցրեց այնպիսի մտքեր, որով փորձեց ձախողել եռակողմ հանդիպումը։ Այսինքն, Փաշինյանը չէր կարող չգնալ Պետերբուրգ, ու չէր կարող նման մտքեր ասել, նրա փոխարեն՝ իր մեկնելուց առաջ դա արեց Արմեն Գրիգորյանը։

* Արմեն Գրիգորյանը ասում է  իրականությունից հեռու մտքեր, խոսում է ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանելու մասին, բայց մենք այն կորցրել ենք հենց ա՛յս իշխանության օրոք։ Սրանք  M6-ի թուրքական հետախուզության ու ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության գործակալներ են ու խոսում են սուվերենությունի՞ց։ Գալու է պահը՝ իշխանափոխությունից հետո, եթե սրանք կփորձեն ճողոպրել Հայաստանից, ու եթե սրանց դրսում իրենց տերերը չսատկացնեն, այստեղ են բերման ենթարկելու, սրանք  դատվելու են․․․

* Արմեն Գրիգորյանը ի՜նչ հեքիաթներ է պատմում, թե իբր Ռուսաստանը մեզ պարտադրում է միջանցք տալ։ Նոյեմբերի 9-ի հայտարարության տակ կա ՌԴ ստորագրությունը և այդ փաստաթղթում միջանցքի մասին ոչ մի խոսք չկա։

*Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական հարձակումը Հայաստանի տարածքների վրա կասեցրել է Ռուսաստանը։ ՀՀ իշխանությունը թող անկեղծ  լինի ու ասի, թե ի՞նչ արեց 102-րդ ռազմաբազան, ի՞նչ արեցին Կասպից ծովի ռուսական նավատորմի նավերը։ Անկեղծ եղեք ու ասեք, ինչո՛ւ չեք ասում։ Դրա փոխարեն  սրանք ստում են, ասելով, թե իբր ռուսներն են դա կազմակերպել․․․ Սրանք շատ  ցածրակարգ գործակալներ են։ Սրանք մարդկանց մտքերն են պղտորում՝ կեղծիք տարածելով։

*Այսօր 4 ուղղություններով Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի ու Արցախի դեմ, ո՞վ է խանգարում, իհարկե,  Ռուսաստանը իր ներկայությամբ ու 102-րդ ռազմաբազայով։

* Այս իշխանությունը հանձնարարություն է կատարում, որպեսզի Արցախից  դուրս գան ռուսական խաղաղապահները, որպեսզի Արցախն ամբողջությամբ անցնի Ադրբեջանին։ Ամեն ինչ անում են, որ փչացնեն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Իսկ դա ո՞ւմ է պետք՝ Արևմուտքին, Թուրքիային,  Ադրբեջանին։ Այսինքն՝ Փաշինյանը, Արմեն Գրիգորյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանն ու մյուսները  ծառայում են այդ երկրներին։ ՀՀ իշխանությունն ամբողջովին կառավարելի է։ Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռքին կան հարյուրավոր կոմպրոմատներ սրանց դեմ, ու երբ պատվիրում են Ռուսաստանին հայհոյել,  հեղինակազրկել, վարկաբեկել՝  չեն կարող չանել։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։