ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը կմնա կալանքի տակ

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով։ Այս մասին գրում է Փաստինֆոն։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Մուրադյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի միջնորդությունը Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին։

«Սուրեն Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացվել է մինչև փետրվարի 11-ը»,– «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 12-ին Սուրեն Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է` անձի առևանգումը, որը կատարվել է խմբի կողմից:

Մինչ այդ` հուլիսի 28-ին, հայտնի դարձավ, որ կորել է ԱԺ նախկին պատգամավոր Քոքոբելյանի հայրը։ Նրա անհետացման դեպքի առիթով քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Օգոստոսի 2–ին Խաչատուր Քոքոբելյանը հայտնեց, որ հայրը ողջ և առողջ գտնվել է և շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին, իսկ օգոստոսի 11–ին հայտարարեց, որ իր հոր առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։