Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ

Արցախի  Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ՝ տեղեկանալու Ադբրեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում  նրանց խնդիրների մասին, ինչպես նաև  քննարկելու պարենային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացրել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Խորհրդակցության մասնակիցները պետնախարարին հավաստիացրել են, որ շրջափակման իրավիճակում իրենց համար առաջնային է հանրային ու պետական շահը, և պատրաստակամություն են հայտնել կառավարության հետ համագործակցված աշխատել՝ ճգնաժամին  միասնաբար դիմակայելու համար:

Գործարարներն առաջարկել են նաև անհրաժեշտության դեպքում դիտարկել իրենց տնօրինության տակ գտնվող ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունը՝ առկա պաշարները պահպանելու և համաչափ բաշխելու հարցում:

Ռուբեն Վարդանյանը ողջունելի է համարել նրանց մոտեցումն ու դիրքորոշումը՝ ընդգծելով  այս բարդ իրավիճակում առկա խնդիրների  քննարկման և  համատեղ լուծումներ գտնելու կարևորությունը: