Արցախից Երևան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. ԱՆ խոսնակ

Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 24-ին, Արցախից Հայաստան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս մասին ասել է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

«4 ամսական փոքրիկին այժմ հսկում է այն բժիշկը, որը մինչև նրա Հայաստան տեղափոխվելը բուժում էր հեռավար տարբերակով։ Բուժման կուրսը նույնն է, փոքրիկի առողջական վիճակում փոքր-ինչ դրական տեղաշարժ կա։ Երեխան մի քիչ աշխուժացել է, սկսել է ուտել, բայց հիվանդությանը հատուկ՝ շարունակում է  բարձր ջերմել, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր»,– ասաց Հռիփսիմե Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 4 ամսական փոքրիկը Արցախի «Արևիկ» բուժմիավորումից Հայաստան էր տեղափոխվել Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Եվս մեկ բուժառու ավելի վաղ էր տեղափոխվել Հայաստան։

Արդեն 14 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Արցախի Առողջապահության նախարարության տվյալով, ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում դադարեցված են պլանային վիրահատությունները։