Երևանից մեկնարկել է ավտոերթ դեպի Ստեփանակերտ

Դեկտեմբերի 26-ի առավոտյան Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավտոերթ դեպի Ստեփանակերտ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է ակցիայի կազմակերպիչ Սամվել Մովսիսյանը:

Ակցիայի նախաձեռնողներն ավելի վաղ հայտարարել էին արցախցի երեխաներին ամանորյա նվերներ հասցնելու պլանների մասին։ Գորիսում մասնակիցներին կմիանան ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման արդյունքում Հայաստանի տարածքում մնացած Արցախի բնակիչները:

Ակցիայի մասնակիցները ցանկանում են բանակցություններ վարել ռուս խաղաղապահների հետ և պահանջել ապահովել նրանց անցումը Լաչինի միջանցքով։

Արդեն 14 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։

Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն ավելի ուշ հայտարարեց, որ «էկոակտիվիստների» մեջ քիչ չեն թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, այդ թվում ՝ «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ներկայացուցիչները։