Մեծ պատերազմից հինգ պակաս է. 6

Պուտինը կկարողանա՞ կանխել այն…

 

Սկիզբը` այստեղ

Այսօր արդեն 9-րդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է երբեմնի Բերձորի (2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում՝ Լաչինի) միջանցքը և, դատելով ամենից, այն բացելու մտադրություն չունի:

Ռուսաստանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն առանց ուժի կիրառման, խաղաղ ճանապարհով բացելու դիվանագիտական ջանքերը, որոնք, համոզված ենք, այս պահին էլ շարունակվում են, առայժմ արդյունք չեն տվել ու գրեթե մոտ են սպառման, քանի որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները վարվել են հնարավոր բոլոր մակարդակներով (ՌԴ նախագահի, ԱԳՆ-ի, ՊՆ-ի…), բայց, ցավոք, դեռ արդյունք չեն տվել: Իսկ ինչո՞ւ ենք համարում, որ ՌԴ դիվանագիտական ջանքերը դեռ ամբողջությամբ սպառված չեն, այլ գրեթե մոտ են սպառման…

Նկատի ունենք այն, որ դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելու է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովը, որի առիթն օգտագործելով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է երկկողմ կամ եռակողմ ձևաչափով բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի հետ:

Ինչպես արդեն նշել ենք, Պուտինը դեռ դեկտեմբերի 12-ին՝ Ադրբեջանի կողմից ճանապարհն արգելափակելու առաջին օրը, հեռախոսով զրուցել է Ալիևի հետ, բայց բանակցություններն արդյունք չեն տվել, իսկ մոտ մեկ շաբաթից նրա հետ հանդիպելու է անմիջականորեն, դեմ առ դեմ, ու կասկածից դուրս է, որ ճանապարհը բացելու համար ամեն ջանք գործադրելու է:

Այնուհանդերձ, եթե նկատի ունենանք Ադրբեջանա- թուրքական տանդեմի, ինչպես նաև նրա ետևում կանգնած ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հեռուն գնացող նպատակները, ապա հավանականությունը և, դրանով պայմանավորված, հույսը, որ Սանկտ Պետերբուրգում վերոնշյալ հանդիպումից, բանակցություններից հետո Ադրբեջանը կբացի ճանապարհը, մեծ չեն: Հետևաբար եթե հիշյալ գագաթնաժողովի առիթով Պուտին- Ալիև կամ (և) Պուտին- Ալիև- Նիկոլ բանակցություններից հետո էլ Ադրբեջանը շարունակի ճանապարհը փակ պահել, ապա Ռուսաստանին այն  բացելու միայն մեկ ճանապարհ կմնա՝ ուժայինը:

Այսինքն՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերահսկողությունն իրականացնող խաղաղապահ զորակազմին համապատասխան հրաման տալը և ճանապարհն արգելափակած ադրբեջանական ոհմակին այնտեղից հարկադրաբար հեռացնելը, կամ էլ թողնելը, չխոչընդոտելը, որ այդ նույնն անեն Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողները:

Մի բան պարզ է, որ ճանապարհը երկար ժամանակ արգելափակված չի կարող լինել, Արցախն այսպես ոչ միայն անվերջ, այլև երկար ժամանակ չի կարող գոյատևել: Մյուս կողմից՝ ճանապարհն ուժային եղանակով բացելը՝ լինի այն ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից, թե Արցախի ՊԲ-ի, հանգեցնելու է պատերազմի, մեծ պատերազմի, ընդ որում, դրանում ոչ միայն Արցախի, Ադրբեջանի, Հայաստանի, այլև անխուսափելիորեն Ռուսաստանի և Թուրքիայի ընդգրկմամբ:

Հավանական է, որ այդ պատերազմում ընդգրկվեն նաև Իրանը և Իրանի կործանումը վաղուց երազող Իսրայելը, որը դժվար թե չօգտվի այն դժվարին կացությունից, որում կհայտնվի Իրանը ռազմական առումով Թուրքիայի պես հզոր պետության դեմ պատերազմելու ընթացքում:

Ընդգծենք, որ իրադարձությունների զարգացման վերոնշյալ սցենարը կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը որոշի Ադրբեջանին օգնության շտապած և ՌԴ խաղաղապահ զորակազմին և, ընդհանրապես, Զինված ուժերին (Հայաստանում 102-րդ ռազմաբազա, Սևծովյան նավատորմ…) հարվածներ հասցրած Թուրքական բանակի դեմ պատերազմել միայն սովորական սպառազինությամբ:

Սակայն եթե Ռուսաստանը պատերազմը կայծակնային արագությամբ ավարտելու և մեծ կորուստներ չունենալու համար որոշի մարտավարական միջուկային զենքով ջախջախել Թուրքական բանակը, երկրի երեսից սրբել Էրդողանին և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությանն ընդհանրապես, ապա բանը չի հասնի ոչ Իրանի միջամտությանը, առանց որի, սովորական սպառազինությամբ երկու ճակատով (Ուկրաինա և ադրբեջանա- թուրքական տանդեմ) կռվելու դեպքում Ռուսական բանակը, ամենայն հավանականությամբ, կպարտվի, ոչ էլ Իսրայելը կհամարձակվի Իրանի դեմ պատերազմել:

Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ թեկուզ մարտավարական միջուկային զենքի կիրառումը կարող է հավասարազոր լինել Պանդորայի արկղը բացելուն, ու թեև այս դեպքում ոչ թե ՌԴ-ն հարձակված կլինի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վրա, այլ կլինի նրա հարվածներին պատասխանողի և ինքնապաշտպանվողի կարգավիճակում, սակայն չկա որևէ երաշխիք, որ Սատանային ծառայող և իրեն միջազգային ժանդարմի տեղ դրած ԱՄՆ-ը հաշվի չառնելով, որ այս դեպքում կիրառելի չէ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային ՌԴ միջուկային հարվածներին Մեծ Բրիտանիայի հետ միասին պատասխանի ՌԴ-ին միջուկային հարվածներ հասցնելով՝ պատերազմը տանելով դեպի մարդկության բնաջնջում:

Հենց այս մեծ պատերազմի վտանգն է պատճառը, որ Լաչինի միջանցքը մինչև այժմ ուժային եղաանակով չի բացվել, հենց վերոնշյալ իրողությունները նկատի ունենալով է, որ Ադրբեջանը համարձակվում է չկատարել ճանապարհը բացելու ՌԴ պահանջը:

Իսկ կա՞ ճանապարհը բացելու այլ հնարավորություն, եթե Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես դեռ չնախատեսված, բայց ենթադրելի, սպասելի վերոնշյալ բանակցություններն արդյունք չտան, իսկ ՌԴ և Արցախի ղեկավարները պատերազմից խուսափելու համար այդպես էլ չփորձեն ճանապարհը բացել ուժային եղանակով… Միգուցե… Դրան հաջորդիվ դեռ կանդրադառնանք: Հնարավո՞ր է, որ Ադրբեջանն Արցախի կամ Հայաստանի դեմ պատերազմ սկսի մինչև Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, բանակցությունները… Բացառված չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան