ՌԴ խաղաղապահները շարունակում են բանակցությունները Լաչինի միջանցքի բացման շուրջ

Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել:

Խաղաղապահները 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում։

«Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Լաչինի միջանցքում, Մարտունու և Մարտակերտի շրջաններում»,-նշվում է տեղեկագրում:

Նախարարությունում հավելել են, որ ապահովվել է ուխտավորների ուղեկցումը Ամարասի և Գանձասարի վանքեր։

«Ընդհանուր առմամբ` 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2504,1 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26762 պայթյունավտանգ առարկա»,-հայտնել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից: