Եթե Լեռնային Ղարաբաղի պաշարումը շարունակվի ևս մի քանի օր, նորածինները կմահանան․ նամակ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչին

«Փախստականների ձայնը» հայկական հասարակական կազմակերպությունը նամակ է գրել ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստին Վեյգանդին՝ Արցախում սպասվող աղետի կապակցությամբ։

«Հայաստանում ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հարգելի ներկայացուցիչ Քրիստին Վեյգանդ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար հարգելի Անտոնիո Գուտերեշ։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը պահպանվում է մեկ շաբաթ, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել 120 000 մարդ։ Թեև նման շրջափակման մարդասիրական հետևանքները աղետալի են Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների համար, այս նամակով ցանկանում ենք ձեր հատուկ ուշադրությունը հրավիրել այս պաշարման ամենախոցելի խմբերից մեկի՝ արհեստական սնունդ ընդունող նորածինների վրա։ Եթե ​​Լեռնային Ղարաբաղի պաշարումը շարունակվի ևս մի քանի օր, այս նորածինները կմահանան… Մենք՝ հայ կանայք և հասարակական կազմակերպությունները, դիմում ենք ՄԱԿ-ին՝ նորածինների մահը կանխելու համար վճռական միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Անգործությունը, այս ակնհայտ աղետի մասին լռությունը նշանակում է աջակցություն Ադրբեջանի հանցավոր գործողություններին և խարխլում է ՄԱԿ-ի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության աջակցող կառույցի հեղինակությունը։ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՄԱԿ-ին ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԳՈՐԾԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՄԱՀԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ»։