«Արցախցիները մեր կարիքն ունեն». ուսանողները բողոքի երթով շարժվում են դեպի Կառավարության շենք․ ՈՒՂԻՂ

Ուսանողներն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Երևանի պետական համալսարանի շենքի մոտից բողոքի երթ են անցկացնում դեպի Կառավարության շենք: Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացելու ուղղությամբ: Ուսանողները որոշել են պահանջագիր ներկայացնել կառավարությանը՝ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:

Ակցիայի մասնակիցներից արցախցի ուսանողուհի Մարիամ Հայրյանը նշեց, որ արդեն 8 օր է, որ Արցախը շրջափակման մեջ է և գնալով իրավիճակն ավելի է բարդանալու, քանի որ կարիքները գնալով ավելանում են. «Պետք է ամեն կերպ օգնենք 120 հազար մարդկանց, որովհետև իրենք իրոք մեր կարիքն ունեն: Հայաստանը պետք է լինի Արցախի կողքին, լավ է, որ ուսանողը միանում է մեր պայքարին, որ փորձենք օգնել Արցախ աշխարհին: Իմ ընտանիքը, բոլոր հարազատները Արցախում են, իրենք մեզ փոխանցում են, որ ավելի ակտիվ լինենք: Բոլորիս ներկայությունն այս ցույցերին շատ կարևոր է: Կանգնենք Արցախի կողքին և իմանանք, որ կարևոր գործ ենք անում: Հուսանք ճանապարհը մինչև Ամանոր կբացվի և ես Նոր տարին ինչպես ամեն տարի, կտոնեմ իմ տանը»,-ասաց նա:

Մեկ այլ ուսանող՝ Անաստասիա Կիրակոսյանն էլ հավելեց, որ իրենք երթով գնում են կառավարություն, քանի որ համարում են, որ պետության ներսում ցանկացած իրադարձության թիվ մեկ պատասխանատուն կառավարությունն է. «Պահանջելու ենք, որ թեկուզ հայտարարությամբ կամ ինչ-որ նախաձեռնությամբ կարողանան աջակցել մեր հայրենակիցներին»:

NEWS.am-ի ուղիղ միացումը