Ադրբեջանի գործողությունները բոլորը շղթայված են միմյանց և հեռահար նպատակներ ունեն․ իրանցի քաղաքագետ

Իրանցի քաղաքագետ Փույա Հոսեյնին ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և դրանից հետո՝ կտրել Արցախի գազամատակարարումը: Արցախի վերջին պատերազմից և 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից ի վեր, Ադրբեջանը պարբերաբար սադրանքների ու ոտնձգությունների է դիմում, և մինչև օրս չենք տեսնում որևիցէ իրական ազդանշան, քայլ՝ առ այն, որ Ադրբեջան – Թուրքիա տանդեմը տարածաշրջանում խաղաղություն ուզենա: Ադրբեջանի գործողությունները բոլորը շղթայված են միմյանց և հեռահար նպատակներ ունեն: Ադրբեջանը տարբեր գործողություններով փորձում է անկայուն պահել տարածաշրջանը և դրանով շրջափակման մեջ պահել Հայաստանը, Արցախը, նրանց տնտեսությունները, կոմունիկացիաները, ենթակառույցները, աշխարհաքաղաքական դերակատարումները: Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ Հայաստանը աշխարհից մեկուսացած պահի: Այդ ենթատեքստում է Լաչինի միջանցքի փակումը և Արցախի շրջափակումը: Բոլորին էլ հայտնի է Ադրբեջան – Թուրքիա տանդեմի ակնհայտ նկրտումները՝ Արցախը և Հայաստանը հայաթափելու ուղղությամբ: Եթե համադրենք Ադրբեջանի ու Թուրքիայի վերջին գործողությունները, այն է՝ զինված ներխուժումը Հայաստանի սահմանամերձ տարածքներ, կարևոր բարձունքները գրավելը, Ադրբեջանի և Թուրքիայի վերջին և սադրիչ համատեղ զորավարժությունը, որին հետևեց Լաչինի միջանցքի փակումը, ապա կարող ենք հանգել այն եզրակացության, որ Լաչինի միջանցքի փակումով Ադրբեջանը ուզում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ ստանա Զանգեզուրի միջանցքը: Պարբերաբար լսել ենք այդ միտքը Ալիևի կողմից, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը պիտի նույն կարգավիճակը ունենա, ոնց որ Լաչինի միջանցքը: Այս իրավիճակներում միջազգային համայնքի, աշխարհի գերտերությունների և տարածաշրջանի երկրների քաղաքական հայտարարությունները կամ քաղաքական լռությունը չեն կարողացել զսպել Ադրբեջանի՝ նման հանցավոր և ցեղասպան քաղաքականությունը: Արդեն չորս օր է, ինչ Ադրբեջանի մի քանի հարյուր իբր բնապահպաններ ու ակտիվիստներ, փակելով Լաչինի միջանցքը, շրջափակման մեջ են պահում շուրջ 120.000 արցախահայերի, խաթարված է ժողովրդի բնականոն կյանքը, Արցախը հումանիտար աղետի առաջ է կանգնած: Այս անելանելի ու ճգնաժամային իրավիճակում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ժողովուրդը պետք է մեծ աղմուկ բարձրացնեն աշխարհով մեկ, արցախահայության ձայնը և իրավունքները ընկալելի, հասանելի ու լսելի դարձնեն ամբողջ աշխարհին: Պետք է աշխարհի ուշադրությունը ուղղորդվի դեպի Արցախի ու Հայաստանի հիմնահարցերն ու խնդիրները: Հիմա շատ կարևոր պահ է, որ աշխարհին ցույց տրվի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը՝ արցախահայության հանդեպ, և վերջնականապես արձանագրվի այն իրողությունը, որ անհնար է Արցախը պատկերացնել անգամ Ադրբեջանի կազմում»: