Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երաշխավորենք միջազգային լրատվամիջոցների հասանելիությունը դեպի Արցախ. Գեղամ Ստեփանյան

Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երաշխավորենք միջազգային լրատվամիջոցների հասանելիությունը դեպի Արցախ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում չէ Արցախը շրջափակելու հարցը։

«Մեր թերացումներից էլ է, որովհետև պայմանավորված անվտանգային խնդիրներով, երբեմն նաև խոչընդոտվել է միջազգային մամուլի ներկայացուցիչների մուտքը Արցախ։ Սա մեզ համար պետք է դաս լինի, որ մենք անենք ամեն ինչ, որպեսզի երաշխավորենք, որ ունենանք նրանց հասանելիությունը դեպի Արցախ»,- նշեց ԱՀ ՄԻՊ-ը։

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ ադրբեջանական կողմը մշտապես խոչընդոտել ու բլոկավորել է որևէ անկախ լրագրողի կողմից տարածքի հասանելիություն ունենալու փորձերը.

«Ադրբեջանական կողմը, կլինի ռուս խաղաղապահների վրա ճնշումներ գործադրելու միջոցով կամ այլ ճնշումների միջոցով, մշտապես խոչընդոտել ու բլոկավորել է որևէ անկախ լրագրողի կողմից տարածքի հասանելիություն ունենալու փորձերը։ Ադրբեջանը դա կիրառում է նաև միջազգային իրավապաշտպանների՝ գետնի վրա ներկայացվածություն ունենալը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը՝ ջեռուցման սեզոնին ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։ Այսօր  գազամատակարարումը վերականգնվել է։