Ադրբեջանը Թուրքիայի ու Իսրայելի միջոցով փորձում է ամրապնդել իր դիրքերն ընդդեմ Իրանի

Իրանն ու Ադրբեջանը գետի հակառակ կողմերում անցկացնում է զորավարժություններ, ցուցադրելու համար իրենց պատրաստականությունը: Իսկ նման գործողությունները նշանակում են, որ կողմերի միջեւ կա գերլարվածություն եւ տարածաշրջանում դիրքերի ամրապնդման խնդիր:

Թուրքիայի և Ադրբեջանի ուժերն այս ամիս համատեղ զորավարժություններ անցկացրին Իրանի սահմանի մոտ։ Զորավարժություններին մասնակցել են ադրբեջանցի և թուրք բարձրաստիճան գեներալներ։ Զորավարժություններ, որոնք համարվում են ուժի ցուցադրում` ընդդեմ Թեհրանի:

Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Քասինի խոսքերով. «Եվ եթե Իրանից նկատվի ագրեսիվ որեւէ գործողություն, Թուրքիան կգա Իրանին պատասխանելու: Սա շատ հստակ է», ասել է նա։

Թեհրանն իր հերթին զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի սահմանին գետի հակառակ կողմում:

Ինչպես Ստամբուլում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցն է ասում, ըստ վերլուծաբան Զաուր Գասիմովի, «Իրանի կողմից անցկացված զորավարժությունների ընթացքում կիրառվել են պոնտոնային կամուրջներ: Իսկ դա հստակ ուղերձ էր Բաքվին, թե իրականում ինչի համար էին մարզվում իրանցի զինվորականները», ասում է նա:

Թղթակիցը հիշեցնում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ սերտ հարաբերություններ են հաստատված: Նրանց միջեւ ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրն էր պատճառը, որը թույլ տվեց Թուրքիային օգնել Ադրբեջանին հետ գրավելու համար վիճելի տարածք համարվող Լեռնային Ղարաբաղի մեծ մասը:

Նա հիշեցնում է նաեւ, որ Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարն Իսրայելն է, եւ որ երկու այս երկրների միջեւ հարաբերություններն ավելի են սերտանում Իրանի հետ ներկա լարվածության պատճառով:

Թել Ավիվի Ազգային անվտանգության հետազոտությունների հաստատության վերլուծաբան Գալիա Լինդենշտրաուսի խոսքերով, Թեհրանը կարծում է, որ Ադրբեջանը թույլ է տալիս Իսրայելին օգտագործել իր սահմանը Իրանին թիրախավորելու համար:

Նախկինում Ալիեւը խուսափում էր Թեհրանի հետ առճակատումից։ Սակայն ուժեղ դաշնակիցների և վերջին ռազմական հաջողությունների շնորհիվ նա այժմ հաստատուն դիրքորոշում է ընդունում՝ խոստանալով պաշտպանել Իրանում ապրող ադրբեջանցիներին:

Զաուր Գասիմովի կարծիքով, այս ամենը ցույց է տալիս, որ Թեհրանի հետ հարաբերություններում Բաքուն իրեն ավելի ազատ ու անկաշկանդ է զգում, ինչն ընդգծում է այս տարածաշրջանում նոր դինամիկան ու Իրանի դերի նվազումը:

 

Աղբյուր՝ Ամերիկայի ձայն