Արցախի ժողովուրդն իր փրկությունը կապում է միմիայն Ռուսաստանի հետ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղակտիվիստ Տաթև Արցախը։

Արցախի ժողովուրդը չի տեսնում իր ապագան Ադրբեջանի կազմում, և այդ մասին իր հստակ դիրքորոշումը վաղուց է հայտնել։ «Ադրբեջանը ևս պետք է հասկանա ու ընդունի, որ խաղաղության հասնելու միակ տարբերակը նույն տարածաշրջանում կողք կողքի, բայց ոչ միասին ապրելն է: Այս մասին ևս մեկ անգամ հնարավորություն ունեցա կրկնելու Գերմանիայի հանրային՝ ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժով անդրադարձել է Հայաստանին և Արցախին, մասնավորապես, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին, ինչպես նաև կադրեր հրապարակել հոկտեմբերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքից: Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նկատմամբ ողջունելի է»։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: Հաղորդման հյուրից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այսօր Արցախը կարող է խուսափել Ադրբեջանի կազմում ընդգրկվելու չար ճակատագրից և արդյո՞ք երկրի ղեկավարությունն այդ ուղղությամբ համապատասխան քայլեր անում է։ Տաթև Արցախն ասաց, որ համենայնդեպս Արցախի ողջ ժողովուրդն է դա ուզում և եթե անգամ ղեկավարությունը փորձում է այդ օրակարգից շեղվել, ապա ընդվզման ալիքը նրանց համար նախազգուշացում է լինում։ Մասնավորապես խոսելով Արայիկ Հարությունյանի մասին՝ նա ասաց, որ Արցախի նախագահի պաշտոնում դեռ Փաշինյանի դրածոն է, որը փորձելու է իբրև կամակատար անել այն, ինչ իրեն կթելադրեն ՀՀ իշխանությունները։ Բայց դրանք հաջողությամբ չեն պսակվի, քանի դեռ արցախցիների մեջ կա միասնականություն։

Անդրադարձանք Արցախ-Հայաստան միակ ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակելու միջադեպին, և քաղակտիվիստն ասաց, որ արցախցիները երաշխավորված չեն հերթական նման դեպքերից։ Ամեն դեպքում ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրում նման միջադեպերը կանխելու, իսկ լինելու դեպքում հարթելու համար։ Ըստ նրա՝ այսօր արցախցիների անվտանգության, գոյության միակ երաշխավորը ռուս խաղաղապահն է, որին Արցախից փորձում են դուրս բերել ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունները, և ներքին պայմանավորվածություններ ձեռք բերելով՝ փորձում են տարբեր գործողություններով հեղինակազրկել նրանց դերը։ Իսկ նպատակը Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին նվիրելն է, մի բան, որը Փաշինյանը ցանկանում էր անել պրահյան հանդիպման ժամանակ՝ համաձայնելով Ալմա-Աթայի հռչակագիրը դնել խաղաղության պայմանագրի հիմքում։

Մանրամասները՝ տեսանյութում