«Մեծ յոթնյակ»-ը և Ավստրալիան համաձայնության են եկել ռուսական նավթի գնի վերին շեմի շուրջ

«Մեծ յոթնյակի» երկրները և Ավստրալիան համաձայնության են եկել ռուսական նավթի գնման համար վերին շեմ սահմանելու շուրջ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ռուսական նավթի սակագինը կանոնակարգվող կլինի և մեկ բարելի վերին շեմը չի գերազանցի 60 դոլարը։

««Մեծ յոթնյակի» երկրները և Ավստրալիան, լինելով գների սահմանափակման կոալիցիայի գործող անդամներ, 2022 թվականի դեկտեմբերի 2-ին համաձայնության են եկել ռուսական ծագման նավթի մեկ բարելի դիմաց 60 ԱՄՆ դոլար առավելագույն գնի շուրջ՝ համաձայն Եվրամիության անդամ երկրների միաձայն որոշման»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունում նշվում է, որ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 5-ից «կամ դրանից անմիջապես հետո»:

Նշվում է նաև, որ մասնակից երկրները շուտով կհրապարակեն գնային վերին շեմի  քաղաքականության կիրառման ավելի մանրամասն կանոններ։

Հիշեցնենք, որ hոկտեմբերի 13-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր` Մոսկվան նավթ չի մատակարարի այն երկրներին, որոնք արհեստականորեն փորձում են սահմանափակել դրա արժեքը՝ օգտագործելով սահմանափակ գնային մեխանիզմ: