Երևանի և Բաքվի հարաբերությունները որոշում են Մոսկվայում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

2022 թվականի սեպտեմբերի 22-ին կարմիր բերետավորները բիրտ ուժ կիրառելով Եռաբլուրից բերման ենթարկեցին զոհված զինծառայողների ծնողներին։ Երբ տուժողները՝ զոհված զինծառայողների ծնողները, պահանջեցին պատասխանատվության ենթարկել ոստիկաններին, Քննչական կոմիտեից պարզաբանեցին, որ դժվարանում են նույնականացնել ոստիկաններին։ Այնուհետև մամուլում լուրեր տարածվեցին, որ ոստիկանությունը դատարան է դիմել, որպեսզի զոհված զինծառայողների ծնողներին տուգանելու որոշում կայացվի։ Այս դեպքին անդրադառնալով` Էդգար Ղազարյանը շեշտեց․ «Նույն ոստիկանները մթության միջից «Դիմադրության» շարժման բազմահազարանոց հավաքից իդենտիֆիկացրել և ձերբակալել էին ու տարել կալանքի այն մարդուն, ով վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Սոս Ջանիբեկյանի հասցեին։ Գոյություն ունի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակ, այդ գումարտակի ծառայողները ցուցակ ունեն, կա հրամանատար, որը հրաման է արձակել, որ նրանք այդ օրն առավոտյան մեկնեն Եռաբլուր ծառայության։ Գումարտակի հրամանատարը գիտի, ովքեր են իր վաշտից։ Բա հիմա չե՞ն իմանում ում են իրենք ուղարկել ծառայության, եթե չգիտեն, ապա հաստատվում է այն թեզը, որ դա ոստիկանություն չէ, պետական համակարգ չէ»,-ամփոփեց քաղաքական գործիչը։

Մանրամասները՝ տեսանյութում