Նարեկ Նալբանդյանն ամբողջությամբ վճարել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի գումարը. Factor.am
Գործարար Նարեկ Նալբանդյանն ամբողջությամբ վճարել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի գումարը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է իր աղբյուրներից։
Հանրությանը 2018 թ.-ից հետո հայտնի դարձած գործարար Նարեկ Նալբանդյանի ընկերությունը՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, 2022-ին տարաժամկետ վճարման պայմանով էր ձեռք բերել հյուրանոցը։ «Գոլդեն փելիս» հյուրանոցը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին վաճառվել է 5 միլիարդ դրամով և սահմանվել է, որ ընկերությունն ամբողջական գումարը պետք է վճարի 5 տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր տարի 1 մլրդ դրամի չափով։ Թեև ընկերությունը դեռ 2 տարի ուներ ամբողջական գումարը մարելու համար, այնումենայնիվ, մեր տեղեկություններով, այս տարի միանգամից վճարել է 3 մլրդ դրամն ու ամբողջությամբ մարել պետությանն ունեցած պարտքը։
Հյուրանոցն այժմ անվանափոխվել է և կոչվում է Eighty Eight Deluxe Hotel & Spa։ Ծաղկաձորի «Գոլդեն փելես»-ը նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք Մաքսային պետական կոմիտեն 7 տարի ղեկավարած Արմեն Ավետիսյանը 2019-ին նվիրեց պետությանը։ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել նրա կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով, ինչից հետո հայտնի դարձավ, որ Ավետիսյանն այն նվիրում է պետությանը։ «Գոլդեն փելես»-ի նվիրատվությունից հետո գործը կարճվեց։